.jpg)
Էլեկտրոնային ստորագրության պահանջարկն անընդմեջ աճում է
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքներից Հայաստանում արդեն ներդրված են էլեկտրոնային հաշվետվությունների, էլեկտրոնային հարկային հաշիվների, էլեկտրոնային լիցենզավորման համակարգերը, էլեկտրոնային ստորագրությունները, էլեկտրոնային վիզան, իսկ մոտակա ամիսներին կներդրվի նաև էլեկտրոնային բիզնես ռեգիստրը: Այս մասին այսօր մի խումբ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ (ԷԿԵՆԳ) տնօրեն Արթուր Ղուլյանը:
«Այսօր էլեկտրոնային ստորագրությունից արդեն օգտվում են 5000-ից ավելի ընկերություններ: Այդ թիվն անընդմեջ աճում է, որովհետև էլեկտրոնային հարկային հաշիվները և հաշվետվությունները բավականին զարգանում են և պահանջարկն ավելանում է»,- նշեց Ա. Ղուլյանը:
Նա հայտնեց, որ մտահղացում կա էլեկտրոնային կառավարման գործիքները տեղադրել 1 պորտալի վրա, և այդ գաղափարը նախատեսվում է առաջարկել կառավարությանը: Ներկայում հաջողությամբ աշխատում է e-gov.am պորտալը, որից կարող է օգտվել յուրաքանչյուր քաղաքացի, սակայն դրա հետ մեկտեղ պետք է զարգանա նորը` ավելի լայն հնարավորություններով, որը կարող է պետական լուրջ գումարներ խնայել և բավականին արդյունավետ լինել:
Ա. Ղուլյանը հայտնեց, որ էլեկտրոնային ստորագրությունը դեռ չի էժանացել, արժե 15 հզ. դրամ: Ըստ նրա, երբ ներդրվի հավաստագրման կենտրոնը, այն ժամանակ էլ կէժանանա նաև էլեկտրոնային ստորագրությունը, բայց դա արդեն կորոշի կառավարությունը: