Ո՞ւմ է պատկանում քաղաքապետարանի մուտքը.Պարզաբանում միջադեպի շուրջ
28/02/2011 18:32

Ո՞ւմ է պատկանում քաղաքապետարանի մուտքը.Պարզաբանում միջադեպի շուրջ

Քաղաքապետարանի մոտ փողոցային առևտրով զբաղվող կանանց այսօրվա հավաքն ավարտվել է նրանով, որ ցուցարարներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։

Քիչ առաջ հրապարակվեց տեսանյութ, որտեղ ներկայացվում է նախկինում փողոցային առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև տեղի ունեցած մի միջադեպ:

Ըստ տեսանյութի` բախումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի մոտ: Տեսանյությում երևում է կինը, ում ոտքը վնասված է: Նրան, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկով, տեղափոխում են հիվանդանոց:

Տեսանյությում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հայտնում է, թե «ոստիկանները մարդկանց վրայով քայլելով անցան», իսկ կանանցից մեկը պատգամավոր Փոստանջյանին առաջարկում է տուժածին տանել դատաբժշկի մոտ և հայտնում. «Բոլորս ընկանք իրա վրա, որ հրեցին, ես էլ ընկա իրա վրա»:

Aysor-ի հարցին, թե ինչո՞ւ են շուրջ 10 ոստիկաններ գնացել քաղաքապետարանի շենքի մոտ, արդյոք հասարակական կարգի խախտո՞ւմ է եղել, թե՞ նրանց հրավիրել են, ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ ոստիկանները չեն հրավիրվել քաղաքապետարանի տարածք, «բայց քանի որ կոչված են հասարակական կարգը պահպանելու, ուստի կատարել են իրենց պարտքը: Փողոցային առևտրով զբաղվողները փակել էին քաղաքապետարանի մուտքը»:

Նրա խոսքերով` ոչ մի այլ միջադեպ, բախում չի եղել: Ինչ վերաբերում է ոտքը վնասած կնոջը, Ա. Մալխասյանը նկատեց, որ պետք է ճշտել` ի՞նչ է եղել իրականում. «Ստեփան Սաֆարյանն ասում է, թե ոստիկանները քայլեցին մարդկանց վրայով, սակայն նման բան չկա հենց այդ նույն տեսանյութում: Ոստիկաններն ասում էին միայն` մի փակեք քաղաքապետարանի մուտքը»:

Թեև ցուցարարները, ինչպես հայտնեցին ոստիկանությունից, փակել էին քաղաքապետարանի մուտքը, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը հայտնեց, որ դա քաղաքապետարանի հետ կապ չունի:

«Դա քաղաքապետարանի տարածքից դուրս է, քաղաքապետարանի` արտաքին առևտուրը կանոնակարգելու միջոցառումների որոշման մասին մենք բազմիցս պարզաբանում տվել ենք և այժմ բախման հետ կապված որևէ պարզաբանում չունենք: Ավելի ճիշտ է դիմել կամ մի կողմին` ոստիկաններին, կամ մյուս կողմին` ցուցարարներին»,- հավելեց Շ. Սարդարյանը:
 

Ո՞ւմ է պատկանում քաղաքապետարանի մուտքը.Պարզաբանում միջադեպի շուրջ