Սանկտ-Պետերբուրգում նշվել է Սումգայիթի ցեղասպանության տարելիցը
28/02/2011 18:09

Սանկտ-Պետերբուրգում նշվել է Սումգայիթի ցեղասպանության տարելիցը

Փետրվարի 27-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց Սումգայիթի ողբերգական իրադարձությունների տարելիցը: Առավոտյան եկեղեցում մատուցվեց ջարդերի զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, միջոցառմանը մասնակցեցին Սանկ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, հյուպատոսության աշխատակիցներ, Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ և ունկնդիրներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Պատարագի ավարտին Հայ Առաքելական եկեղեցուն առընթեր կիրակնօրյա դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերի մասին ֆիլմի ցուցադրում, որից հետո խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի և Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգևոր հովիվ ս.հ. Նշան Պետրոսյանը, ՀՀ Գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ինչպես նաև ջարդերը վերապրած նախկին սումգայիթցիներ և բաքվեցիներ: Ելույթ ունեցողներն, անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին և որակելով դրանք որպես ցեղասպանություն, դատապարտեցին Ադրբեջանի իշխանությունների հայատյած քաղաքականությունը և շեշտեցին, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:

Այնուհետև Սբ. Կատարինա Հայ Առաքելական եկեղեցու բակում կայացավ ցույց ի հիշատակ Սումգաիթի ջարդերի զոհերի:

Միևնույն ժամանակ հայ երիտասարդները Նևսկի պողոտայի վրա տեղադրել էին Սումգայիթի ցեղասպանությունը դատապարտող պաստառներ` գրավելով անցորդների մեծ ուշադրությունը:
 

Սանկտ-Պետերբուրգում նշվել է Սումգայիթի ցեղասպանության տարելիցը