Ուլուբաբյան. Սումգայիթի ջարդերը ցեղասպանության մի մաս են
28/02/2011 14:02

Ուլուբաբյան. Սումգայիթի ջարդերը ցեղասպանության մի մաս են

Սումգայիթի ցեղասպանությունը թուրքերի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության շարունակությունն է: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Сумгаит, геноцид, гласность» գրքի հեղինակ Հրայր Ուլուբաբյանը: Ըստ բանախոսի` այդ փոխկապակցվածության մասին են խոսում Ադրբեջանի ներկա առաջնորդների պանթուրքիստական գործողություններն ու հայտարարությունները:

«Սումգայիթի ջարդերը ցեղասպանության մի մաս են և մտնում են նույն շարքի մեջ, ինչ 1905 թվականի Բաքվի, 1918 թվականի Բաքվի և Շուշիի կոտորածները»,- նշեց նա:

Խոսելով Սումգայիթում տեղի ունեցած դեպքերի մասին` գրքի հեղինակը շեշտեց, որ տեղի ունեցած ոճրագործությունն իրականացվել է Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության կողմից` ԽՍՀՄ ղեկավարության տեղեկացված լինելու և ամենաթողության պայմաններում: Ըստ բանախոսի` պատահականություն չէր, որ փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթում չեն աշխատել հեռախոսները, հնարավոր չէր կանչել ոստիկանություն կամ շտապ օգնություն, իսկ կարգուկանոն հաստատելու նպատակով քաղաք մտած խորհրդային զորքերը որևէ օգնություն հայ բնակչությանը չցուցաբերեցին`պահպանելով «չեզոքությունը»:

Բանախոսը նաև «միտումնավոր ապատեղեկություն» անվանեց ադրբեջանական գիտնականների և վերլուծաբանների ներկա փորձերը` տեղի ունեցածը կապել արևմտյան հատուկ մարմինների գործունեության հետ:

«Արևմտյան մարմինները չէին կարողանա մասսայաբար անջատել հեռախոսները կամ հրահանգել զինվորներին` զերծ մնալ հայերին փրկելուց»,- նշեց նա:

Հ.Ուլուբաբյանի կարծիքով` սխալ է նաև խոսել, որ Սումգայիթի դեպքերը սկսվել են փետրվարի 27-ին:

«Փետրվարի 26-ին Սումգայիթում տեղի էր ունեցել Ադրբեջանի կոմկուսի ղեկավարության նիստը` Բաղիևի ղեկավարությամբ, որի ժամանակ քննարկվել էր ջարդերի ծրագիրը: Արդեն այդ օրը 6-ամյա մի երեխա թունավորվել էր, իսկ միտինգից հետո քաղաքում սկսվեցին միջադեպերը, ջարդուխուրդ էին արվում մեքենաները», - նշեց նա:
 

Ուլուբաբյան. Սումգայիթի ջարդերը ցեղասպանության մի մաս են