Վ. Գաբրիելյան. Գնաճի դեմ պայքարի գործիքները բավարար չեն
28/02/2011 18:15

Վ. Գաբրիելյան. Գնաճի դեմ պայքարի գործիքները բավարար չեն

«Գնաճը ՀՀ-ում բարձր է. մենք ունեինք 2.8 % գնաճ հունվարին, ամենայն հավանականությամբ, փետրվարյան գնաճը կլինի 1 %-ի շրջանակներում, որը, բնականաբար, մտահոգվելու տեղիք է տալիս կառավարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքերով` 2009 թ-ի բյուջեի 7.5 % դեֆիցիտից կառավարությունն անցում է կատարում նվազմանը և մի քանի տարիների ընթացքում մինչև 5 % պետք է նվազեցնի. «Անշեղորեն հետևում ենք այդ գրաֆիկին: Ուղղորդվում ենք այն քաղաքականությամբ, որ լրացուցիչ ծախսեր չանենք դեֆիցիտը մեծացնելու ուղղությամբ»: Նախարարը նկատեց, որ Կենտրոնական բանկն իր քայլերն է անում, տոկոսադրույքն է բարձրացրել, ընդ որում` անցած շաբաթ Ռուսաստանի բանկը ևս տոկոսադրույք բարձրացրեց, նաև փոխեց պարտադիր պահուստավորման պայմանները, մի բան, որն, նախարարի դիտարկմամբ, ՀՀ ԿԲ-ն արել էր ավելի շուտ:

Վ. Գաբրիելյանը համաձայնեց, որ կառավարության և ԿԲ ունեցած միջոցները բավարար չեն գնաճի դեմ պայքարի համար, քանի որ հիմնականում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով պահանջարկն է կարգավորվում: Նա նշեց, որ կառավարության ձեռնարկած գարու և եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրերը հնարավորություն կտան ավելացնել գյուղարտադրանքը և մեղմել առաջարկի գործոններով ճշտված գնաճը, նաև առավել մեծ ուշադրություն կդարձվի առևտրի կազմակերպմանը, որում մեծ դեր ունեն ՏՄՊՊՀ-ն, կառավարության ընդհանուր քաղաքականությունը` գների մոնիթորինգ անելու և մատակարարաման շղթայում առաջացած «նեղ տեղերի բացահայտման և դրանց գնաճի վրա ազդեցության նվազեցման ուղղումով»:

Հանրապետության սոցիալապես անապահով խավի համար կիրառվելիք գազի սուբսիդավորման վերաբերյալ Վ. Գաբրիելյանը նշեց, որ դրա մեխանիզմները քննարկվում են և, երբ պարզ լինի, անպայմանորեն կտեղեկացնեն:
 

Վ. Գաբրիելյան. Գնաճի դեմ պայքարի գործիքները բավարար չեն