Օսկանյան. ԲՀԿ-ն կարող էր հակակշիռ դառնալ
28/02/2011 18:54

Օսկանյան. ԲՀԿ-ն կարող էր հակակշիռ դառնալ

Կոալիցիոն հուշագրի ստորագրման համար շատ շուտ էր: «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից անցկացվող «Հարյուր հարց ու պատասխան» շարքի առաջին միջոցառման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Բանախոսը` հիմնավորելով իր տեսակետը, նշեց, որ մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է 1, իսկ նախագահական ընտրությունները` 1,5 տարուց ավելի:

«Այս պահից եզրակացնել, թե ով է լինելու երեք կուսակցությունների թեկնածուն, կարծում եմ, վաղաժամ է»,- ասաց նախկին նախարարը` կարծիք հայտնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր մեծացնել հակակշիռների մասը հաջորդ ընտրություններում:

«Այդ դեպքում մենք հնարավորություն կունենայինք արդար ընտրություններ անցկացնելու: Դժբախտաբար` նման որոշում կայացվեց: Ես հարգում եմ այդ որոշումը, բայց չեմ համաձայնում դրա հետ»,- ասաց Վ. Օսկանյանը` հավելելով, որ նման որոշմամբ «փարատվեցին նաև ժողովրդի մի խմբի հույսերը»:

Ըստ բանախոսի` իշխանություններին հակակշիռ են ներկայանում նաև Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», սակայն գրեթե նույն հակակշիռը, որ կար նաև նախորդ ընտրությունների ժամանակ որևէ արդյունք չտվեց:

«Միայն ԲՀԿ-ի հանգամանք է, որ այս ընտրություններին այդ հակակշիռների հնարավորությունը մեծացնելու էր: Այդ իսկ պատճառով ես ափսոսում եմ, որ մենք այդ առիթը կորցնում ենք»,- ասաց նա: Ըստ բանախոսի` այսօր անհրաժեշտ է ստեղծել նոր հակակշիռ և դրա հետ գնալ ընտրությունների:

«Այսօրվա կոալիցիան ձևական է, որովհետև Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է, իսկ մյուսները` որպես կոալիցիայի անդամ, որևէ դերակատարություն չունեն: Իսկական կոալիցիա կլինի, եթե կուսակցություններից որևէ մեկը բացարձակ գերիշխող չլինի»,- ասաց նախկին արտգործնախարարը:
 

Օսկանյան. ԲՀԿ-ն կարող էր հակակշիռ դառնալ