.jpg)
Օսկանյան. Ես նախագահի առաջ մարտի մեկին մի պայման եմ դրել
«Ես չէի ուզենա մեր ժողովուրդը Եգիպտոսում կամ Լիբիայում կատարվածի նման ցնցումներ ապրի: Բայց նաև շեշտում եմ` Հայաստանում կան բոլոր խնդիրները, որ ստիպել են Արաբական աշխարհի ժողովուրդների ապստամբությանը: Սա պետք է ստիպի իշխանություններին ձեռնարկել քայլեր` նման ցնցումները Հայաստանում կանխելու համար»,- այսօր «Հարյուր հարց ու պատասխան» շարքի առաջին միջոցառման ժամանակ հայտնեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին` նախկին արտգործնախարարը հայտարարեց, թե այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի առջև պայման է դրել:
«Ես նախագահի առաջ մարտի մեկին մի պայման եմ դրել` նախագահը հենց այդ պահին կնստի երկխոսության ընդդիմության հետ: Ես այդ օրը մեղսակից կամ խաբեբա չեմ եղել, ես կանխարգելող եմ եղել: Ներողություն կարող եմ խնդրել, բայց անազնիվ կլինի ներողությունը, եթե ես սխալ բան չեմ արել, եթե սխալ լիներ, չէի անի»,- ասաց Վ. Օսկանյանը:
Ըստ նրա` մարտի մեկը դժբախտություն էր, որը մեծ խնդիրներ բերեց ներքին և արտաքին կյանքում: Այն հարցին, թե ի՞նչը ստիպեց հենց իրեն այդ օրը հանդես գալ ասուլսիով, ԱԳ նախկին նախարարը պատասխանեց` պահի պատասխանատվությունը:
«Մարտի 1-ին ասուլիս ունեցել եմ, որովհետև զգում էի քաղաքական պատասխանատվություն. լռությունը շատ վտանգավոր էր այդ պահին»,- ասաց նախկին դիվանագետը:
Վ. Օսկանյանն անդրադարձավ նաև մարտի 1-ից հետո տեղ գտած ձերբակալություններին` շեշտելով, որ կալանավորված անձինք քաղբանտարկյալներ չեն:
«Անազատության մեջ գտնվողները կալանավորվել են քաղաքական գործունեության արդյունքում, գուցե սա նույնն է, ինչ «քաղբանտարկյալ» բառը, բայց ես գերադասում եմ առաջինն օգտագործել: Այս մարդիկ պիտի ազատ արձակվեին նույն օրը, սակայն հիմա էլ ուշ չէ»,- ասաց նա: