Օսկանյան. Քոչարյանի կողմից որևէ թելադրանք ինձ չի եղել
28/02/2011 20:24

Օսկանյան. Քոչարյանի կողմից որևէ թելադրանք ինձ չի եղել

«Ես բացատրություն չունեմ, թե ինչու է ՀՀԿ-ն ցավով ընդունում իմ քննադատությունները»,- այսօր «Հարյուր հարց ու պատասխան» շարքի առաջին միջոցառման ժամանակ հայտնեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Լինելով իշխանության մեջ, ներքին խոհանոցը լավ իմանալով, և ունենալով երկրի ապագայի մասին սեփական պատկերացումները` ես այսօր մատնանշում եմ, քննադատում եմ այն երևույթները, որոնք բացասական եմ համարում, և որոնք խանգարում են մեր երկրի նորմալ զարգացմանը: Եվ ես դա շարունակելու եմ անել` և' արտաքին, և' ներքին քաղաքական հարցերում»,- ասաց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե իր գործունեությունն ու հայտարարությունները համակարգվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, Վ. Օսկանյանը բացառեց դրա հնարավորությունը:

«ՀՀ երկրոդ նախագահի հետ ես 10 տարի աշխատել եմ, ինչեպս նաև այն ժամանակ, երբ նա ԼՂՀ նախագահն էր, իսկ ես` բանագնաց էի: Այս երկարամյա արդյունավետ համագործակցությունը պայմանավորված է եղել նրանով, որ փոխադարձ հարգանք և փոխվստահություն է եղել: Ես պահում եմ նրա հետ կապերը պաշտոնանկությունից հետո, պարբերաբար հանդիպում եմ նրա հետ, զրուցում ենք երկրի իրավիճակից: Սակայն, միասին որևէ գործունեություն չունենք: Քոչարյանի կողմից որևէ թելադրանք ինձ չի եղել, ես Քոչարյանի առաջ որևէ քաղաքական կամ այլ խնդրանք չեմ դրել»,- ասաց ՀՀ նախկին արտգործնախարարը:

Ըստ բանախոսի` մարդիկ, ովքեր ասում են, թե իր բերանով Քոչարյանն է խոսում, «պարզապես իրենց արշինով են չափում»:

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե պատարստվո՞ւմ է արդյոք մասնակցել ընտրություններին, Վ. Օսկանյանն ասաց, որ նման որոշում դեռ չի կայացրել:
 

Օսկանյան. Քոչարյանի կողմից որևէ թելադրանք ինձ չի եղել