Կազիմիրով. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է կոշտ դիրքորոշումով հանդես գա
28/02/2011 19:19

Կազիմիրով. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է կոշտ դիրքորոշումով հանդես գա

Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է իրականացվի միայն ու միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, Արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, ըստ Կազիմիրովի, պետք է բացառել ռազմական գործողությունները, իսկ նման քայլի դիմող կողմի հանդեպ` ցուցաբերել կոշտ դիրքորոշում. «ԵԱՀԿ ՄԽ նույնպես պետք է ռազմական գործողությունների պարագայում կոշտ դիրքորոշումով հանդես գա: Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին ուղղված հանդիպումները պետք է շարունակվեն»,- ասաց նա և հավելեց, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում դանդաղ առաջընթաց կա:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ իր հերթին նշեց, որ 2011-ին ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում պետք չէ սպասել էական փոփոխությունների: Ըստ նրա` այս տարի ևս կպահպանվի Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց այն հանգամանքը, որ վերջին 2 տարվա ընթացքում ուրվագծվում է 2 ձևաչափ. «Բացի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկկողմ հանդիպումներից, կայանում են նաև Ռուսաստանի առաջին դեմքի մասնակցությամբ հանդիպումներ»:
 

Կազիմիրով. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է կոշտ դիրքորոշումով հանդես գա