ՀԺԱՄ-ը դատապարտում է Արմավիրի քաղաքապետի ընտրությունները
24/03/2011 18:38

ՀԺԱՄ-ը դատապարտում է Արմավիրի քաղաքապետի ընտրությունները

«ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է Արմավիրում բացահայտ խախտումներով անցկացված ընտրությունները: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իշխանական կոալիցիան ապրում է քաղաքական մտքի խորագույն ճգնաժամ և չի կարող առաջարկել երկրի զարգացման նոր և արդյունավետ ճանապարհներ, առավելևս, չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում արդար ընտրությունների կազմակերպման և անցկացման երաշխավոր»,- այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀԺԱՄ կուսակցությունը:

Կուսակցությունը նշել է, որ Արմավիրի փորձը ցույց տվեց` այսուհետ իրականացվելիք յուրաքանչյուր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն կանխորոշելու է 2012թ. խորհրդարանական ընտրությունների որակը:

«Քաղաքապետի պաշտոնում վերընտրված ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, կատարյալ ամենաթողության պայմաններում, տեղական իշխանությունների և օլիգարխիկ տարրերի բացահայտ աջակցությամբ` ի ցույց դրեց Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման մեխանիզմները, որոնք գրեթե ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքը յուրաքանչյուր տիպի այլակարծության և փոփոխությունների նկատմամբ, որի դիրքերից այս անգամ հանդես էր գալիս երիտասարդ անկուսակցական թեկնածու Սևակ Մինասյանը: Հաջող ընտրությունների ձախողմանը մեծապես նպաստեց նաև տեղի ոստիկանությունը, որը հանդես գալով բիրտ ուժի դիրքերից նույնիսկ ձերբակալեց ընտրակաշառքը կանխող, Սևակ Մինասյանի կողմնակից Անուշավան Ալեքսանյանին, ով մինչ այժմ գտնվում է կալանքի տակ: Նման երևույթները ստվեր են գցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կաշառակերության նկատմամբ» հայտարարության վրա, ինչպես նաև խորացնում մեր հասարակության մեջ անարդարության զգացումը` տասնյակ հազարավոր մարդկանց ուղղորդելով դեպի Մատենադարանի հրապարակ»,- գրված է հաղորդագրության մեջ:
 

ՀԺԱՄ-ը դատապարտում է Արմավիրի քաղաքապետի ընտրությունները