Սահմանային անվտանգության հարցերով կհամագործակցեն FRONTEX-ի հետ
24/03/2011 18:42

Սահմանային անվտանգության հարցերով կհամագործակցեն FRONTEX-ի հետ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) գործադիր տնօրենի հատուկ հարցերով խորհրդական Գրահամ Լիզին և արտաքին հարաբերությունների պատասխանատու Ռիկ Վեյջերմանսին:

Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:

Գործակալությունը առանցքային դերակատարում ունի սահմանների կառավարման ինտեգրված մոդելի զարգացման գործում` ապահովելով Եվրամիության արտաքին սահմանների անվտանգությունը, ինչպես նաև` նպաստելով 2-րդ երկրների հետ համագործակցության զարգացման և միգրացիոն հոսքերի նպատակաուղղված կառավարման գործընթացներին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` սեպտեմբերին ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա իրականացնել համատեղ օպերացիաներ և պիլոտային ծրագրեր:

Ըստ տարածած տեղեկատվութան` համաձայնագրի ստորագրումը մեծ նշանակություն կունենա ԵՄ չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու, սերտիֆիկացված լաբորատորիաներ ձևավորելու, ինչպես նաև` արհեստավարժ կադրեր պատրաստելու համար:

Գործակալությունն արդեն համագործակցության երկկողմ համաձայնագրեր է կնքել ԵՄ անդամ 13 երկրների հետ, որոնք ներառված են Շենգենյան գոտում:

Հիշեցնենք, որ Ա.Բաղդասարյանը դեռևս 2010թ. նոյեմբերին Վարշավա կատարած այցի ընթացքում գործակալության գլխավոր տնօրենի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել համագործակցություն սկսել Հայաստանի և FRONTEX-ի միջև, որի արդյունքում պետք է ստորագրվեր տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

Նշենք, որ գործակալությունը սերտ համագործակցում է Եվրոպոլի, մաքսային, ֆիտոսանիտարական և անասնապահական հսկողության, ներքին և սահմանային անվտանգության համար պատասխանատու իրավապահ մարմինների հետ:

 

Սահմանային անվտանգության հարցերով կհամագործակցեն FRONTEX-ի հետ