ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում
24/03/2011 15:41

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում

«Հերթական ապատեղեկատվությունն է: Ադրբեջանական ԶԼՄ-ում տեղ գտած տեղեկատվությունը, որոնցում հղում է կատարվում այդ երկրի պաշտպանության նախարարությանը, ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակում կրկին հաճախակի են դարձել միջանձնային հարաբերությունների արդյունքում մահվան ելքով տեղի ունեցող միջադեպերը»,- անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությանը, թե հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է սպանվել՝ Aysor.am-ին հայտնեց ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հայկական կողմից արձակված գնդակից (Մարտակերտի ուղղությամբ) ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Հիշեցնենք, որ երեկ ևս պաշտոնական Բաքուն հանդես էր եկել նման մի հայտարարությանը, որը ևս ԼՂՀ ՊԲ-ն հերքել է (Ջաբրայիլի ուղղությամբ):

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ իր բանակում տեղի ունեցող միջադեպերը փորձում է վերագրել ղարաբաղյան կողմին: ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ԼՂ զինված ուժերը պահպանում են հրադադարի ռեժիմը»,- ընդգծեց Ս. Հասրաթյանը:
 

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում