Քննարկել են ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տալու հարցեր
24/03/2011 20:30

Քննարկել են ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տալու հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցությունում` բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, քննարկվել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացի հետ կապված հարցեր:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ըստ տեղեկատվության` խորհրդակցությունում զեկույցով հանդես են եկել սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, իսկ շրջաններում իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեկամսյա ժամկետում ճշգրտել ցուցակները և դրան համապատասխան իրականացնել համալիր միջոցառումներ` կապված կարիքավորներին բնակարաններով ապահովելու գործընթացի հետ և ավարտին հասցնել պետական այդ ծրագիրը:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամներին ու փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագրի մշակման և իրականացման հետ կապված հարցերին:

Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են նաև վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

 

Քննարկել են ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տալու հարցեր