Կկառուցվի «Նոյլենդ» («Նոյի գյուղ») զբոսաշրջային համալիրը
24/03/2011 18:46

Կկառուցվի «Նոյլենդ» («Նոյի գյուղ») զբոսաշրջային համալիրը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի նախագահ Իգոր Մակարովn այսօր hամաձայնագիր են ստորագրել Երևանի քաղաքապետարանի և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի միջև համագործակցության վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մեր համոզմամբ մայրաքաղաքում ներդրումային դաշտը բավական մեծ է: Կան ոլորտներ, որտեղ կարելի է իսկապես շահավետ ներդրումներ կատարել»,- ասել է քաղաքապետը:

Նշենք, որ «ԻՏԵՐԱ»-ի կազմում ընդգրկված են 156 ընկերություններ, որոնք բազմակողմանի ծրագրեր են իրականացնում աշխարհի 24 երկրներում` քաղաքաշինական, քաղաքային ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի, շենքային համալիրների ու էլեկտրակայանների շինարարության ասպարեզում:

Գնահատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային առաջարկը` Ի.Մակարովը նշել է, որ այն երկարաժամկետ ու հեռանկարային համագործակցություն է խոստանում:

Որոշակի փոփոխություններ են ակնկալվում նաև մայրաքաղաքի սպորտային կյանքում: Որպես ՌԴ հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ և նույն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ`Ի. Մակարովը և Կ. Կարապետյանը այցելել են կառուցվող նոր հեծանվահրապարակ, քննարկել են միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա այս ոլորտում միջազգային բարձր կարգ ապահովել և համաշխարհային մակարդակի մրցումներ անցկացնել:


Ըստ ստորագրված համաձայնագրի` «ԻՏԵՐԱՆ» պարտավորվում է 2011–2016թթ. մայրաքաղաքում ներդրումային խոշոր ծրագրեր իրականացնել զբոսաշրջության, առևտրի և հանրային սպասարկման, այգիների, կանաչ տարածքների զարգացման և միշարք այլ ոլորտներում։ Մասնավորապես` նախատեսվում է մինչև 2016թ. մայրաքաղաքում կառուցել նոր բազմաֆունկցիոնալ կենտրոն և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ հյուրանոց։ Կկառուցվի նաև «Նոյլենդ» («Նոյի գյուղ») զբոսաշրջային համալիրը:

Իսկ Երևանի քաղաքապետարանը, ըստ համաձայնագրի, ՀՀ օրենսդրության շրջանակներում և սահմանած կարգով պարտավորվում է ըստ ամենայնի օժանդակել մայրաքաղաքում կորպորացիայի ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ մատուցելով խորհրդատվական, տեղեկատվական և անհրաժեշտ այլ ծառայություններ։ Ծրագրերի ժամկետների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի առաջիկայում` բիզնես պլանների հաստատումից հետո։
 

Կկառուցվի «Նոյլենդ» («Նոյի գյուղ») զբոսաշրջային համալիրը