.jpg)
Օլեգ Եսայանը հանդիպել է Մերձծովյան երկրամասի նահանգապետին
Այսօր Վլադիվոստոկ քաղաքում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մերձծովյան երկրամասի գուբերնատոր Սերգեյ Դարկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրամասի և ՀՀ մարզերի միջև արդյունավետ համագործակցության խորացման հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Եսայանը գուբերնատորի հետ հանդիպմանը նշել է, որ Մերձծովյան երկրամասի և ՀՀ մարզերի միջև սերտ կապերը կնպաստեն նոր հնարավորությունների և տնտեսական համագործակցության նոր ձևաչափի ստեղծմանը: Դեսպանն ընդգծել է նաև երկկողմանի ներդրումային նախագծերի իրականացման անհրաժեշտությունն ինչպես տնտեսական և համատեղ ձեռնարկատիրության ոլորտներում, այնպես էլ հումանիտար բնագավառում:
Սերգեյ Դարկինն դեսպան Եսայանին ներկայացրել է Մերձծովյան երկրամասի սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, այդ թվում` շեշտելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: 2010թ. ապրանքաշրջանառությունը 2009-ի համեմատ 1,7 տոկոսով աճել է ՝ հասնելով 5,5 մլն ԱՄՆ դոլարի: Հայաստանի կշիռը կազմել է 1 տոկոս: Այս առիթով կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը փոխշահավետ պայմանների հիման վրա:
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ երկրամասն ակտիվ համագործակցում է Մերձավոր և Հեռավոր արևելքի 90-ից ավելի երկրների հետ: