.jpg)
Ր. Հովհաննիսյանին վրան պետք չէ
Ազատության հրապարակում վրանի տեղադրումից հետո «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ իրեն վրան պետք չէ:
«Վրանը թող մնա իշխանություններին, ովքեր տասն օրերին պատիվ չեն համարել իրենց համաքաղաքացու համար վրանի տեղադրումը»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Ինչպես հաղորդում է Ազատության հրապարակից Aysor-ի թղթակիցը, կուսակցության առաջնորդը նաև նշեց, որ այս տասն օրերին Հայաստանում «հազար ու մի լուր է տարածվել», որ իբր «ես գնում են տուն լողանում, այցելու եմ հիվանդանոց և այլն»:
Հարցին, թե ի՞նչ է սպասում Ր. Հովհաննիսյանը ոստիկաններից, արդյո՞ք այս գիշեր նրանք կհանեն վրանը, նա պատասխանեց, որ բոլոր նմանատիպ հարցերին կանդրադառնա վաղը:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ 18:30-ի շրջանում Ր. Հովյաննիսյանին է մոտեցել ՀՀ Նախագահի նստավայրից ներկայացուցիչ և խնդրել Նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի հետ առանձնազրույց: Ր. Հովհաննիսյանը պատասխանել է, որ շատ հարաբերական է առանձնազրույց արտահայտությունը Ազատության հրապարակում, և ասել, որ սիրով պատրաստ է հանդիպել նրա հետ` հանրային նստարանի մոտ:
Ինչպես հայտնեց Խուրշուդյանը, դրանից հոտո Նախագահի նստավայրից ներկայացուցիչը հեռացել է` ասելով, որ Հովհաննիսյանի խոսքերը կփոխանցի Վարդանյանին:
Նշենք, որ այս պահին «Ժառանգության» առաջնորդի հետ խոսում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ի դեպ, քիչ առաջ նրան էր այցելել նաև բժիշկը: