.jpg)
Կանանց մենթորական ծրագրին մասնակցում են 61 մենթոր և 61 ուսանող
Այսօր ԱՄՆ դեսպանատանը 2010 և 2011թթ. կանանց մենթորական կամ ուղղորդող-խորհրդատուների ծրագրի մասնակիցների ներկայությամբ տեղի ունեցավ համերգ` նվիրված կանանց պատմության միամսյակին: Ներկաների համար հանդես եկավ միայն կանանցից կազմված JAZZEL վոկալ խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվության բաժնից:
Երեկոյի մասնակիցներին ողջունել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուն` համառոտ անդրադառնալով ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ կանանց հիմնահարցերին տրվող մեծ կարևորությանը: Նա շեշտել է, որ երկրի հասարակական ու քաղաքական կյանքին լիակատար մասնակցություն ունեցող կանանցից շահում է ողջ հասարակությունը:
Նախագահ Օբամայի հայտարարության մեջ ասվում էր. «Երբ մենք մեր գնահատանքն ենք հայտնում մեր երկիրը կերտած կանանց, պետք է հիշենք, որ այսօր մենք ունենք առաջադրանք` գրելու կանանց պատմության հաջորդ գլուխը: Մենք պետք է սովորեցնենք մեր դուստրերին, որ ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ, որ վեր բարձրանալիս ոչինչ չի փակի նրանց ճանապարհը և միայն այս կերպ կարող ենք ոգեշնչել նրանց, որպեսզի հասնեն իրենց ամենաբարձր հավակնություններին ու իրական հավասարության»:
Հիշեցնենք, որ 2010թ. ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մեկնարկեց Կանանց մենթորական ծրագիրը: Միացյալ Նահանգներում մենթորական պրակտիկան լայնորեն կիրառվում է և դրա օգնությամբ կյանքում և աշխատանքում հաջողությունների հասածներն օգնում են առաջնորդների հաջորդ սերնդին: Մենթորները խորհուրդներ են տալիս աշխատանքային կարիերայի վերաբերյալ, կիսում են իրենց փորձը և օրինակ ծառայում խոստումնալի ուսանողներին:
Նշենք, որ Հայաստանից 2010թ. ծրագրին որպես մենթոր մասնակցել են 45 կին` տարբեր մասնագիտական ոլորտներից, իսկ նրանց հովանավորյալներն էին Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 ուսանողուհիներ: Այս տարի ծրագրին մասնակցում են 61 մենթոր և 61 ուսանողուհի: