.jpg)
Կամերային նվագախումբը նոր ղեկավար և գլխավոր դիրիժոր ունի
Երկար ժամանակ Կամերային պետական նվագախումբը գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր չուներ: Այս տարի այդ պաշտոնին նշանակվեց ֆրանսահայ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Այսօր նորանշանակ դիրիժորը հանդիպեց լրագրողների հետ: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ այսուհետ նվագախումբը հնարավորություն կունենա աշխատել ոչ միայն հայ, այլև արտասահմանցի տարբեր դիրիժորների հետ, որպեսզի «զարգանա տարբեր ճյուղերով»:
«Պետք է փորձել արենա տալ նաև երիտասարդ դիրիժորներին, որպեսզի նրանք զարգանան: Եթե նվագախումբը հաճախ մի հոգի է ղեկավարում, դրական ու բացասական ազդեցություններ է կրում ղեկավարից, իսկ երբ փոխվում են դիրիժորները, երաժիշտները հարստանալու մեծ հնարավորություն են ստանում»,- գտնում է դիրիժորը:
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ իր ու նվագախմբի հարաբերություններն «անչափ բարի են», կա փոխադարձ հարգանք. «Նվագախմբի մեծ մասն իմ մանկության ընկերներն են եղել, ուստի որևէ խնդիր լինել չի կարող»:
Նվագախմբի նոր ղեկավարը նաև ֆրանսիական Caen նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, և Վ. Մարտիրոսյանը վստահ է` երկու երկրում աշխատելը չի վնասի նվագախմբերից և ոչ մեկին:
«Նվագախումբն այն գործն է, որտեղ պետք չէ գլխին կանգնած լինել, որևէ խնդիր չկա, եթե ես գնամ ու գամ պարբերաբար ու ղեկավարեմ երկու նվագախմբեր»,- ասաց Կամերային պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Հանդիպմանը ներկա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արման Ծատուրյանը հավելեց, որ նվագախումբն այսօր ունի ֆինանսական խնդիրներ, ասաց, որ դիմել են «Վաչե Մանուկյան» հիմնադրամին ու սպասում են պատասխանի:
Նշենք, որ նվագախմբի նորանշանակ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը ծնվել է Երևանում, սովորել Փարիզի պետական բարձրագույն կոնսերվատորիայում: Ամբողջ աշխարհում նա հայտնի է որպես դաշնակահար, ձայնագրել է բազմաթիվ սկավառակներ (Բախ, Հենդել, Շուբերտ, Բրամա, Լիստ, Թանգի, Լենո, Զավառո): 2010-ից ղեկավարում է Caen-ի սիմֆոնիկ նվագախումբը, 2011-ից` համատեղությամբ նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժորն է: