.jpg)
Հուշամրցաշար Գյումրիում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը մարտի 30-ին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ միասին մասնակցել է ըմբշամարտիկ Սերոբ Գրիգորյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հոբելյանական հինգերորդ հուշամրցաշարին, որը կազմակերպվել էր Գյումրիում: Հուշամրցաշարն ավանդական է և անցկացվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հովանավորությամբ: Մասնակցում էին մոտ 200 մարզիկներ` տարբեր մարզերից: Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ` մարզերում տարեցտարի ավելանում է մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը, ինչի պատճառներից մեկն էլ մեր երկրի մարզական ղեկավարության շարունակական ուշադրությունն է ոլորտի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ըմբշամարտիկները գոտեմարտում էին քաշային 8 կարգում: Լավագույններն ի հայ են եկել թեժ մրցապայքարում: 50 կգ քաշային կարգում հաղթող ըմբշամարտիկներին պարգևատրեցին նախարար Ա. Պետրոսյանը և ՀԱՕԿ-ի նախագահ Գ. Ծառուկյանը:
Վերջում ոլորտի ղեկավարները նախաձեռնության հեղինակներին հորդորեցին մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզում սպորտի զարգացման խնդիրները: