.jpg)
Կին-արվեստագետների ցուցահանդես` «ՀԱՅԱՐՏ»-ում
Այսօր Երևանի «ՀԱՅԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված են 30 կին-արվեստագետների 80-ից ավելի աշխատանքներ:
Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ և ներկաներին ողջունեց «ՀԱՅԱՐՏ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: Նա նշեց, որ ցուցահանդեսը, որը կրում է «Մենք» խորագիրը, տարբերվում է այլ ցուցահանդեսներից: Այստեղ ներկայացված բոլոր ստեղծագործողները կանայք են, սակայն նրանց աշխատանքները էապես տարբերվում են ավելի կանացի արվեստ ստեղծողներից:
«Իրենք կանացի են իբրև կին, մայր, քույր, բայց նրանց արվեստը առանձնանում է ասելիքով, գաղափարով և ուժեղ կնոջը բնորոշ շեշտադրումներով»,- ընդգծեց Ռիտա Շառոյանը և հավելեց, որ ներկայացված են պրոֆեսիոնալ արվեստագետների աշխատանքներ` Արմինե Կալենցից սկսված` մինչև ժամանակակից նկարիչներ:
Իսկ այն հարցին, թե արդյոք կին արվեստագետների ցուցահանդեսը նվիրվա՞ծ է կանանց միամսյակին, Ռիտա Շառոյանը պատասխանեց, որ անտարբեր է կանանց միամսյակի հանդեպ, քանի որ այն հիշեցնում է անվտանգ երթևեկության միամսյակ, մսեղեն չուտելու միամսյակ և այլն:
«Կանայք իրավահավասար են ինչպես յուրաքանչյուր մարդ-արարծ»,- շեշտեց Ռիտա Շառոյանը:
Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 7-ը: