.jpg)
Կձևավորվեն նոր այգիներ, պուրակներ ու կանաչ գոտիներ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է մայրաքաղաքի կանաչապատման տարեկան ծրագրի հիմնադրույթներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այդ ուղղությամբ 2011 թ. մայրաքաղաքում լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն:
Կձևավորվեն նոր այգիներ, պուրակներ ու կանաչ գոտիներ: Ըստ այդմ, Երևանին ծաղկային և գունային գամմա հաղորդելու համար Հոլանդիայից ներկրվել են 450 հազար ծաղկասածիլններ, որոնք մեկ ամիս ջերմոցներում աճեցվելուց հետո կբաժանվեն վարչական շրջաններին: Դրան զուգահեռ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել են թվով 4000 մշտադալար դեկորատիվ ծառեր ու թփեր:
«Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել է ծառատունկը, որի նպատակը ինչպես կանաչապատ տարածքներն ավելացնելն է, այնպես էլ Երևանին գեղագիտական տեսք հաղորդելը: Երևանի քաղաքապետի նախաձեռնության հիմքում նաև մշտադալար դեկորատիվ ծառեր տնկելն է, որոնք կանաչ սաղարթ կապահովեն թե՛ ամռանը,և թե՛ ձմռանը: Բացի այդ, ընտրվել են այն ծառատեսակները ,որոնք հնարավորին շատ են հողից կլանում ծանր մետաղները»,- նշել է Ավետ Մարտիրոսյանը:
Բնապահպանության վարչության պետը անդրադարձել է նաև մարտի 30-ի ծառատունկից հետո Սարալանջի շրջանցիկ ճանապարհի միջնաշերտում և Բաղրամյան պողոտային հարակից հայ-արգենտինյան դպրոցի տարածքից տնկիների գողության դեպքերին: Նմանատիպ փաստ արձանագրվել էր նաև անցյալ տարի` ծաղկապատման աշխատանքների ժամանակ:
«Այս արատավոր երևույթը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դիմել է իրավապահ մարմիններին`վարչական շրջանների ոստիկանության բաժինների միջոցով տեղերում հսկողություն սահմանելու համար»,-նշել է բնապահպանության վարչության պետը: