ՀՀ-ն երախտապարտ է Շվեյցարիայի սկզբունքային քաղաքականության համար
31/03/2011 16:44

ՀՀ-ն երախտապարտ է Շվեյցարիայի սկզբունքային քաղաքականության համար

Շվեյցարիան ունի չեզոք և անկողմնակալ ակտիվ քաղաքականության փորձ և մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի և տարածաշրջանի հանդեպ, իսկ հայ-շվեյցարական հարաբերություններն ունեն դարերի պատմություն: Այսօր Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայ-շվեյցարական հարաբերությունների վերաբերյալ նման գնահատականներ հնչեցրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը հիշեցրեց, որ 1897 թվականին Շվեյցարիան առաջին երկրներից էր, որը դատապարտեց Օսմանյան կայսրությունում 1894-96 թթ. հայերի կոտորածները` որպես մարդկության դեմ ոճիր:

«Շվեյցարիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության տարիներին մեր ժողովրդին սատար են կանգնել թե’ անհատ միսիոներների մարդասիրական գործունեությամբ և թե’ պետական մակարդակով: Շարունակելով մարդասիրության այդ իմաստուն ավանդույթները` 2003 թվականին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիայի սկզբունքային և հետևողական քաղաքականության համար և, իհարկե, այդ հրեշավոր ոճրագործությունը դատապարտելու համար»,- ասաց ՀՀ Նախագահը:

Երկրի ղեկավարը նշեց, որ հայ-շվեյցարական հարաբերությունները ձեռք են բերել նոր որակ Հայաստանի անկախացումից հետո, ինչի վկայությունն են մեր երկրում Շվեյցարիայի դեսպանատան բացումը, որը, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, երկկողմ համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորությունն է ստեղծում և արտացոլում հարաբերությունների իրական մակարդակը:

Իր հերթին Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը նշեց, որ երկու երկրների միջև մշակված է օրենսդրական լայն դաշտ, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն զարգացնել երկկողմանի հարաբերությունները:
 

ՀՀ-ն երախտապարտ է Շվեյցարիայի սկզբունքային քաղաքականության համար