.jpg)
Շահող կտրոն. 10-ի փոխարեն կտրամադրվի 15 ավտոմեքենա
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած իր «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ և սահմանել, որ այս տարվա մայիսի 1-ից սկսած (ապրիլ ամսվա արդյունքով) ՀԴՄ կտրոնների յուրաքանչյուր վիճակահանությանը 10-ի փոխարեն կտրամադրվի 15 ավտոմեքենա, միաժամանակ կդադարեցվի դրամական պարգևավճարների վճարումը։
Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ շահումով խաղերի արտոնագիր և հարակից փաստաթղթեր կարելի է ստանալ ոչ միայն առձեռն կամ փոստով, այլև էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, արտոնագրման գործընթացի պարզեցմանն ու թափանցիկության ապահովմանը։
Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրն ակնկալում է էականորեն կրճատել «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակը, նվազեցնել մաքսային մարմնի և տնտեսվարող սուբյեկտի շփումները և ձևավորել մաքսային ձևակերպման փուլերի ժամանակահատվածների վիճակագրական տվյալների բազան։