.jpg)
ՀՀ-ն և ՉԺՀ-ն կընդլայնեն տնտեսական համագործակցությունը
Այսօր Երևանում ստորագրվեց Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման և խորացման մասին արձանագրություն: Այն ստորագրեցին Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, և չինական կողմից` ՉԺՀ առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սուն Իյունֆուն:
Լրագրողների հետ զրույցում համանախագահները դրական գնահատեցին այսօր տեղի ունեցած հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արդյունքները:
«Ձեռք ենք բերել բավականին լուրջ պայմանավորվածություններ: Երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդեցին անցած տարի ՀՀ նախագահի և վարչապետի այցերը Չինաստան, որոնց արդյունքում մի շարք պայմանավորվածություններ էին ձեռքբերվել, որոնք փորձում ենք այսօր կյանքի կոչել»,- ասաց Ա. Պետրոսյանը` հավելելով, որ քննարկվել է ՀՀ-ում մետաքսի արտադրություն հիմնելու, շինարարության, բազալտի մանրաթելերի արտադրոթյան, ենթակառուցվածքների (Հյուսիս-Հարավ մայրուղի, երկաթգիծ, Հայաստան-Իրան երկաթգիծ) զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելու հարցերը:
«Կարծում եմ, որ մեր 6-րդ նիստը պրագմատիկ էր: Երկու կողմն էլ հետաքրքրիր մտքեր են փոխանակել համագործակցության շուրջ: Կողմերը նաև որոշել են ապագայում համագործակցության հեռանկարային ուղղությունները»,- ասաց Ս. Իյունֆուն:
Նա նշեց, որ ՉԺՀ նախագահի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում տեղի կունենա հայ-չինական բիզնես համաժողով: Ս. Իյունֆուի խոսքով, վերջին տարվա ընթացքւմ հայ-չինական առևտրաշրջանառությունը մեծ թափ է ստացել: Նա կարևորեց հայկական ապրանքների արտահանումը Չինաստան և նշեց, որ չինական կողմը հետաքրքրություն է դրսևորում հայկական գինու, կոնյակի, օգտակար հանոծոների նկատմամբ: Չինական կառավարությունը Հայաստանին կաջակցի գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման հարցերում: Հատկապես կարևորվեց համագործակցությունը էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:
Հավելենք, որ Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թ-ին Չինաստանում: