.jpg)
Կառավարությունը կդիմի ՍԴ
Իր ընդունած երեք որոշումներով կառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործունեության կարգը, արտոնագրի ձևը, ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած երկու որոշումները, փոփոխություններ և լրացումներ կատարել երկու այլ որոշումներում` դրանով իսկ կատարելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 2010թ. դեկտեմբերի 8-ի փոփոխությունների և լրացումների պահանջը։
Իր նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահուստների 2010թ. համալրման և ծախսման հաշվետվությունը, ըստ որի 2010թ. ընթացքում պետական պահուստը համալրվել է 27,2 կգ ընդհանուր քաշով ոսկյա և 6,1 կգ ընդհանուր քաշով արծաթյա իրերով։
Նիստում հաստատվել է ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը, որով էականորեն կհստակեցվեն նշված գործառույթները։
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2011/2012 թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով 140 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ 239 տեղ, դոկտորանտուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 14 տեղ։
Կառավարությունը որոշել է դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Նշված կետերն իրավակիրառական պրակտիկայում տարաբնույթ և հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Խոսքը վերաբերում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանը` աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Միաժամանակ, ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ։ Առկա օրենսդրական խնդրի վերջնական լուծումն ապահովելու և հիշյալ օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը ձևավորելու նպատակով անհրաժեշտ է դիմել ՀՀ սահմանադրական դատարան։