Հյուսիս-հարավի վարկային համաձայնագիրը հավանության է արժանացել
07/04/2011 16:58

Հյուսիս-հարավի վարկային համաձայնագիրը հավանության է արժանացել

Այսօր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև բանակցված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (Հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրին։ Ծրագրով նախատեսվում է Աշտարակ և Թալին քաղաքների միջև ավելի քան 41 կմ ձգվող երկու գծային ճանապարհը վերակառուցել և լայնացնել քառուղի ճանապարհի։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում հեղինակային հսկողության աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների։

Կառավարությունը մինչև 2015թ. ապրիլի 30-ը երկարաձգել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետը։ Ընկերությունը գերմանական «Եվրոդրես» ՍՊԸ հետ կնքած պայմանագրով կարի ծառայություններ է իրականացնում մատակարարի տրամադրած հումքով։ 2008թ. ի վեր թողարկվել և արտահանվել է ավելի քան 670 մլն դրամի արտահագուստ։ Անհրաժեշտ մեքենասարքավորումները ժամանակավոր օգտագործման նպատակով ներմուծվում են արտերկրից։ Ներմուծման ժամկետը երկարաձգվել է գործընկերների միջև կնքված պայմանագրի ժամկետի երկարաձգման պատճառով։ Առաջիկայում նախատեսվում է նոր արտադրություն բացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում։

Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ստեղծել է Մեղրաձորի, Թեղուտի, Շնողի, Վարդանիձորի, Լեհվազի, Կուրիսի, Կարճևանի, Սոտքի, Արտանիշի, Մելիքգյուղի համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողային ֆոնդն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն։ Մասնավորապես, զգալի չափով մեծացվել են լեռնահումքային արդյունաբերության նպատակով օգտագործվող այդ հողերի վարձավճարները, որոնք կհամալրեն համայնքների բյուջեները և թույլ կտան իրականացնել սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր։

Գործադիրը որոշել է ՀՀ սեփականություն համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման և շահագործման հետ կապված գործառույթների իրականացման իրավասությունները վերապահել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին։ Ակնկալվում է, որ դրանով կապահովվի ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումների հեռարձակման թվային համակարգի ստեղծումը, պահպանումը և շահագործումը։

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 44 հասցեում գտնվող 1283,8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
 

Հյուսիս-հարավի վարկային համաձայնագիրը հավանության է արժանացել