«ՌոսԿոսմոսի» պատվիրակությունն այցելել է Էջմիածին
07/04/2011 18:44

«ՌոսԿոսմոսի» պատվիրակությունն այցելել է Էջմիածին

Այսօր աթոռ սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց «ՌոսԿոսմոսի» պատվիրակությանը, որ Հայաստան է ժամանել առաջին տիեզերագնաց Յ. Գագարինի թռիչքին նվիրված «Միաբանության կովկասյան էստաֆետ» ֆորումի միջոցառումների առիթով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը ներկա տիեզերագնացները և գիտնականները Նաթան Սրբազանին են ներկայացրել ֆորումի նպատակները: Ողջունելով ֆորումի մասնակիցների այցն ամենայն հայոց հոգևոր կենտրոն` սրբազան հայրն Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն է փոխանցել ներկաներին` կարևորելով ժողովուրդների միաբանությանն ու փոխգործակցության զորացմանն ուղղված նրանց ջանքները:

Նաթան Սրբազանը անդրադարձել է նաև տիեզերագնացների կարևոր առաքելությանն ու դժվարին հանձնառությանը` գնահատանք հայտնելով նրանց ի դեմս հանդիպմանը ներկա օդաչու-տիեզերագնաց Միխայիլ Տյուրինի: Վերջում սրբազան հայրը հորդորել է ֆորումի մասնակիցներին, հավատարիմ մնալով ժողովուրդների դարավոր եղբայրության ավանդներին, շարունակել տիեզերագիտության ոլորտում տասնամյակների համատեղ աշխատանքը` այն ծառայեցնելով մարդկության կյանքի բարօրությանը և առաջընթացին:
 

«ՌոսԿոսմոսի» պատվիրակությունն այցելել է Էջմիածին