«Գյուղացին ստիպված չի լինի բերքը ցածր գնով վաճառել միջնորդին»
07/04/2011 17:09

«Գյուղացին ստիպված չի լինի բերքը ցածր գնով վաճառել միջնորդին»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արարատի մարզի 7 համայնքներ, լսել գյուղացիներին, տեղում ծանոթացել խնդիրներին, որոնց մի մասը ընդհանուր բնույթի են եղել, մյուսները`համայնքային խնդիրներին վերաբերող: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության լրատվության բաժնից:

Ըստ հաղորդագրության, ինչպես մյուս համանքներում, այնպես էլ Դարակերտ և Նորաբաց համայնքների գյուղացիները բողոքել են ոռոգման շրջանում առաջացած խնդիրներից:

«Ջուր չլինելու հարցն այստեղ պայմանավորված է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից այդ համայնքներում իրականացվող աշխատանքներով: Ինչպես տեղեկացրել է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը` աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել որոշ խոչընդոտներ: Գյուղատնտեսության նախարարը պահանջել է անհրաժեշտության դեպքում երկու հերթափոխով աշխատանքները կազմակերպել, որպեսզի գյուղացվիներն ապրիլի 10- ին արդեն ջուր ունենան:Գյուղացիների և մարզպետի թերահավատությանն ի պատասխան, որ շինարարությունը կարող է ավարտված չլինել նշված ժամանակահատվածում , Սերգո Կարապետյանը խոստացել է, որ իրավասու անձինք պատասխանատվության կենթարկվեն»,- գրված է հաղորդագրությունում:

Գյուղացիները տեղեկացրել են նաև, որ ինքնահոս համակարգերով սելավային ջրերը դեռևս չեն տրամադրվել գյուղերին: Սրան ականատես է եղել նաև նախարարը` Փոքր Վեդիում, ապա անմիջապես զանգահարել է համապատասխան կառույցի ղեկավարին և հանձնարարել` ջուրը որքան հնարավոր է շուտ հասցնել գյուղացիական տնտեսություններին:

ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում ջրից բացի գյուցիները բարձրացրել են նաև գյուղի գազիֆիկացման հարցը: Համայնքի ղեկավար Մանուկ Օհանյանը նախարարին պարզաբանել է, թե գյուղի գազիֆիկացման հարցն իրենց ուժերի սահմաններում չէ: Նախարարը խոստացել է այդ հարցն ուսումնասիրել և շուտափույթ լուծում տալ: Հանդիպմանը նախարարը փաստել է նաև, որ գյուղմթերքների մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու:

«Եթե ձեզանից որևիցե մեկը չկարողանա իրացնել իր ապրանքը, դիմե’ք ինձ, հարցին անպայման լուծում կտանք Հայաստանի Հանրապետության նախագահն ու կառավարությունը կանգնած են գյուղացու կողքին», - վստահեցրել է գյուղատնտեսության նախարարը` տեղեկացնելով գյուղատնտեսական տոնավաճառների բացման նախաձեռնության մասին, որի արդյունքում գյուղացին ինքը կկարողանա շահավետ պայմաններով վաճառել իր բերքը և ստիպված չի լինի ցածր գներով վաճառել միջնորդներին:

 

«Գյուղացին ստիպված չի լինի բերքը ցածր գնով վաճառել միջնորդին»