.jpg)
Էջմիածնում կընդլայնվի սնկի արտադրամասը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այց կատարեց Արմավիրի մարզ: Էջմիածնի վարչական տարածքում Հանրապետության ղեկավարն այցելեց «Ամստեր ֆլաուերս» և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ, շրջեց ծաղկաբույսերի և սնկի աճեցման արտադրամասերում, ծանոթացավ ջերմատների կառուցման աշխատանքներին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բիգա» ընկերության տնօրեն Սամվել Պետրոսյանը, նախատեսում է առաջիկայում ընդլայնել սնկի արտադրամասը, կառուցել կոմպոստի արտադրության գործարան, որը լինելով միակը տարածաշրջանում` սունկ արտադրողներին կապահովի սնկի աճեցման համար պատրաստվող հումքով` կոմպոստով: Ընկերության ծրագրերի մեջ է նաև սնկի արտահանումը այլ երկրներ:
Նա նաև տեղեկացրեց, որ «Ամստեր Ֆլաուերս» ընկերության և հոլանդական «Ammerlaan Construction» ընկերության միջև 2010 թ. կնքված պայմանագրի համաձայն, «Ամստեր ֆլաուերս»-ը նոր տեխնոլոգիաներով կառուցվելիք ջերմատներում նախատեսում է բարձր համային և որակական հատկանիշներով բանջարեղենի` լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցում:
Ընկերությունում շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ շինարարական աշխատանքների առաջին փուլն սկսված է: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ առաջին բերքն ստանալ` հոկտեմբերի վերջին: Ներդրումների ընդհանուր չափը 1 մլն. 200 հազար եվրո է: