.jpg)
Շենիկում գործարկվեց ինքնահոս համակարգը
Արմավիրի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Շենիկի ինքնահոս համակարգի գործարկմանը, որի շնորհիվ Տալվորիկ համայնքի ջրօգտագործողներն ապահովվում են ոռոգման ջրով: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Հազարամյակների մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը` նախքան ինքնահոս համակարգի վերականգնումը, ոռոգվել է 600 հեկտար հողատարածք, իսկ աշխատանքների ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ևս 500 հեկտարով` ընդհանուր ոռոգելի հողատարածքները հասցնելով 1100 հեկտարի:
Նրա խոսքերով` Համաշխարհային բանկի և «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի վերջին երկու տարիների համագործակցության արդյունքում վերականգնվել են Թալինի մայր ջրանցքի առավել քայքայված հատվածներն ու կառուցվածքները, և ներկայումս այն հանդիսանում է Շենիկի ինքնահոս համակարգը սնուցող հիմնական ջրաղբյուրը:
Հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաև Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի հիմնական աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը: Արաքս համայնքում Նախագահ Սարգսյանն այցելեց Արմավիրի մայր ջրանցքի տեղամաս, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդեասյանը նշեց, որ ջրանցքի աղբյուրն Արաքս գետն է, իսկ ջրընդունիչի գլխամասային կառույցը, որը կառուցվել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում, ունի միջպետական նշանակություն:
Երկրի ղեկավարին զեկուցվեց, որ Արմավիրի ոռոգման համակարգի տակ ընկած հաշվարկային սպասարկման տարածքը կազմում է 23.900 հեկտար: Շուրջ 5.000 հա սեփականաշնորհված գյուղատնտեսական հողեր չէին ոռոգվում տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ ջրի կորուստներն էին մայր ջրանցքներում: Այդ հողերից 2.300 հա հնարավոր կլինի ոռոգել հիշյալ ծրագրի շրջանակներում` Արմավիրի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացումից հետո: