.jpg)
Աբխազիայի սարերում փնտրում են վրացի դիվերսանտների
Ռուս սահմանապահները Աբխազիայի անվտանգության ծառայության ջոկատների հետ համատեղ այժմ «սանրում» են Վրաստանին սահմանամերձ Գալիի շրջանի անտառները: Փնտրում են դիվերսանտների, ովքեր նախօրեին գնդակոծել են ռուս սահմանապահների ջոկատը, սպանել սպային, սակայն իրենք ևս կորուստներ են ունեցել: ԱԴԾ օպերատիվ տվյալներով, պատասխան կրակից սպանված 2 հարձակվողները կապ ունեին վրացական հատուկ ծառայությունների հետ:
«Սահմանապահների վրա հարձակումը տեղի է ունեցել Գալիի շրջանում: Դա հեռու չէ աբխազա-վրացական սահմանից: Վերջին տեղեկություններով, ռուս զինվորականների հետ հրաձգությանը մասնակցել են 15 դիվերսանտներ»,- հաղորդում է ՆՏՎ-ի թղթակիցը Աբխազիայից:
Կարճ մարտի ժամանակ զոհվել է մեկ ռուս սպա, երկրորդը վիրավորվել է:
«Հանցագործների նպատակն էր հետախուզությունը և դիվերսիոն գործողությունների նախապատրաստում կատարել հանրապետության տարածքում: Գալիի շրջանի դատախազությունը միջադեպի փաստերով հարուցել է քրեական գործ», - նշում է աղբյուրը: