ՀՀ և ՉԺՀ մաքսավորները կընդլայնեն համագործակցությունը
09/04/2011 14:41

ՀՀ և ՉԺՀ մաքսավորները կընդլայնեն համագործակցությունը

Հայաստանի և Չինաստանի մաքսային ծառայությունների միջև նախատեսվում է կնքել համագործակցության և տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիր: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը:

Ըստ համաձայնագրի` երկու ծառայություններն օպերատիվ կարգով կփոխանակեն մաքսային վիճակագրության, խախտումների տեղեկագրեր, նաև օպերատիվ հարցումների հիման վրա կփոխանակեն այլ տեղեկություններ:

«ՀՀ մաքսային ծառայությունը հրավերք է ուղղել է ՉԺՀ կողմին, և մայիսին կլինի պատվիրակություն, որի այցի շրջանակներում կքննարկվի այդ նախագիծը: Որպես տիպային նախագիծ` առաջարկում ենք հիմք ընդունել Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից մշակված մաքսային համագործակցության և տեղեկությունների փոխանակման տիպային համաձայնագիրը, որոշակի շտկումներ կլինեն կախված թե՛ Հայաստանի, թե՛ Չինաստանի առանձնահատկություններից»,- ասաց Կ. Բեգլարյանը` հավելելով, որ երկուստեք պատրաստ լինելուց հետո համաձայնագիրը կնախաստորագրվի, ապա կներկայացվի կառավարություններին, որպեսզի առաջիկա հանդիպումների ընթացքում ստորագրվի:

Կ. Բեգլարյանը տեղեկացրեց, որ չինական կողմն առաջարկում է նաև Չինաստանից ներմուծվող սարքավորումներն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ). «Իհարկե, դա կառավարության խնդիրը չէ: Թեև չեմ կարծում, որ կառավարությունը նպատակահարմար համարի, որովհետև որևէ ընկերության կամ կազմակերպության ԱԱՀ-ից ազատելը դեմ է որդեգրված քաղաքականությանը, բայց եթե ՀՀ կառավարությունը նպատակահարմար գտնի, ապա կքննարկվի և կներկայացվի ԱԺ»:

Ներկայումս Հայաստանի և Չինաստանի միջև գործում է «Կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր», որը ստորագրվել է 1996 թ-ին, ուժի մեջ է մտել 1999 թ-ից: Այս համաձայնագրի նպատակն այն է, որ եթե չինական կամ հայկական ընկերությունները եկամուտներ են ստանում կամ Հայաստանում, կամ Չինաստանում, ապա երկրորդ անգամ այդ եկամուտներն իր երկրում չհարկվեն:

«Այդ մեխանիզմը լավ գործում է: Բայց կարծում եմ, որ նպատակահարմար է ունենալ նաև երկրորդ համաձայնագիրը, որն ավելի կդյուրինացնի երկու ծառայությունների աշխատանքները»,- նշեց Կ. Բեգլարյանը: