.jpg)
Եգիպտոսի ոստիկանությունը Թարհիր հրապարակից ցրել է ցուցարարներին
Եգիպտոսի ոստիկանությունը, օգտագործելով էլեկտրաշոկերներ և ռետինե մահակներ, ցրել է ցուցարարներին, ովքեր ապրիլի 9-ին գիշերելու էին մնացել Կահիրեի կենտրոնում գտնվող Թարհիր հրապարակում: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու-ն»` վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությանը:
Նշենք, որ Թարհիր հրապարակում հավաքվել էր մի քանի հարյուր հազար մարդ, ովքեր երկրի իշխանությունը ստանձնած ռազմական խորհրդից պահանջել են դատի տալ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին:
Ցույցից հետո մի քանի հարյուր ցուցարար մնացել է Թարհիր հրապարակում: Պարետային ժամը սկսվելուց անմիջապես հետո` Կահիրեում 02:00-ից մինչև 05:00-ն, հրապարակը շրջապատել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ինչպես հայտնում է «Ռոյթերսը», ականատեսներից մեկը տեսել է, թե ինչպես են ոստիկաններն օդ կրակում, օգտագործում ռետինե մահակներ և էլեկրաշոկերներ: Հրապարակում հավաքված բազմությանը ցրելու նպատակով, ինչպես պատմել է ականատեսը, ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարների, որոնց թիվը հստակեցված չէ: