«ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների զանգվածները նվազում են»
09/04/2011 15:27

«ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների զանգվածները նվազում են»

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներին միշտ է հետևում, չնայած երեկվանը չի հասցրել կարդալ: Ըստ պատգամավորի` նա կոչ չի անում մարդկանց հավաքվել ու գնալ իշխանափոխության. «Հանրահավաքի նպատակը մարդկանց դժգոհությունները լսելն ու իրավական ճանապարհով դրանց լուծում ցույց տալն է»:

ՀԱԿ-ի պահանջների մասով, Հ. Հակոբյանը նշեց, որ մինչև ապրիլի 28-ը կերևա, թե այդ պահանջներն ինչպիսի արձագանք կստանան իշխանությունների կողմից: Ըստ նրա` գործընթացն ընթանում է, և հայ հասարակությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մարդիկ իրար նկատմամբ չարությամբ չլցվեն:

Ասուլիսին ներկա նույն խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ նշեց, որ իր համար ՀԱԿ-ի հանրահավաքային տարբերակն այնքան էլ ընդունելի չէ: Նրա խոսքերով` հանրահավաքի մասնակիցների քանակական կազմը նվազում է. «Երեկվա ու նախորդ հանրահավաքի միջև քանակական տարբերություն կար, ինչը վկայում է այն մասին, որ ՀԱԿ-ի հանրահավաքային տարբերակի հետ հույսեր կապող զանգվածները նվազում են»:
 

«ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների զանգվածները նվազում են»