.jpg)
Քաղաքապետարան. ՆՈՒՀ-եր հաճախող երեխաների թիվը կավելանա 2 %-ով
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են թվով 161 նախադպրոցական ուսումնական հաստատություններ (ՆՈՒՀ), որոնցում ընդգրկված են մոտ 25050 երեխա։ 2011 թ. մարտի 31-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ՆՈՒՀ-եր են հաճախում մայրաքաղաքում մշտական հաշվառում չունեցող 2168 երեխա։ Այս տվյալներն Aysor-ին փոխանցեցին Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչությունից:
Քաղաքապետարանի մասնագետների հաշվարկներով` ապրիլի 1-ից Երևանում հաշվառում ունեցողների համար մանկապարտեզներն անվճար դարձնելուց հետո սպասվում է հաճախող երեխաների 2 % աճ:
Aysor-ի դիտարկումներով, Երևանի մանկապարտեզներում նկատվում է երեխաների թվի էական աճ: Որոշ մանկապարտեզներում նույնիսկ չեն բավարարում մահճակալները և երեխաները ստիպված են լինում հանգստի ժամն անցկացնել աթոռներին գամված:
Մինչդեռ քաղաքապետարանի համաձայն` Երևան քաղաքում հաշվառված երեխաների համար պայմանները բավարար են, քաղաքում կան թերբեռնված մանկապարտեզներ, որոնք կարող են համալրվել: «Եթե ավելի շատ լինեն երեխաները, ապա կքննարկվի և տեղերը կավելացվեն: Կան մանկապարտեզներ, որոնք թերբեռնվածության պատճառով իրենց տարածքների մի մասը պայմանագրային հիմունքներով վարձակալության են տվել: Եթե եղածը չբավարարվի` վարձակալների հետ նոր պայմանագրեր չեն կնքվի և շինության հատվածները կվերադարձվեն մանկապարտեզներին»,- ասացին քաղաքապետարանից:
Հավելենք, որ Առողջապահության նախարարի հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարական նորմերից և կանոններից ելնելով՝ մեկ երեխայի համար նախատեսվում է` վաղ հասակի I և II խմբերում՝ 5 քմ, փոքրերի խմբում՝ 7.5 քմ, նախադպրոցականների համար՝ 7.2 քմ տարածք։