.jpg)
Ռաֆիկն ու Արտակը երազում են ավտոբուս նստելու մասին
«Արդեն չորս առարկաներ միասին անցնում ենք, և նկատել եմ, շատ աշխատասեր, պատրաստված երեխա է, սիրում է կարդալ, մեր հայրենի բնությունն է սիրում Ռաֆիկը, բայց ամենակարևորը` ջրի պես անգիր գիտի բազմապատկման աղյուսակը»,- տնային հերթական պարապմունքից հետո ասում է Ռաֆիկ Փարսյանի ուսուցչուհի Մարիետա Հարությունյանը:
Հետո ուզում է շարունակել Ռաֆիկի աշխատասիրության մասին պատմությունը, սակայն աշակերտն ուսուցչից առաջ է անցնում արդեն ինքնաքննդատությամբ. «Ընկեր Հարությունյանին ես չեմ բարկացնում, բայց մեր տան անդամներին հնարավոր չի, որ օրը մի անգամ գոնե չբարկացնեմ: Ընկերս` Գրիգորն էլ չարություն է անում, բայց ինձ նման ոչ ոք չարություն չի անում»:
14-ամյա Ռաֆիկ Փարսյանը տնային ուսուցում է ստանում շաբաթը մի քանի օր, մյուս օրերին, հիմնականում, համակարգիչ է խաղում, փորձում տատիկի ու մայրիկի օգնությամբ իջնել բակ, զրուցել ընկերների, իսկ ամենից շատ հարևան տատիկների հետ:
Ռաֆիկը ցանկանում է բժիշկ դառնալ, որպեսզի բուժի բոլոր հիվանդներին, միևնույն ժամանակ խոստովանում է. «Ուզում եմ օգնել, հասնել բոլորին: Բացի այդ, երազում եմ հայրիկիս պես օպերատոր դառնալ: Իսկ դրա համար ի՞նչ է պետք: Իհարկե, պետք է լավ սովորել, աշխատել այդ ուղղությամբ, պետք է դուրս գալ, գնալ դասի»:
«Բազմաթիվ ամսագրեր ունեմ, ու դրանք մկրատով կրտում եմ, պատկերներ չեն ստացվում, հենց այնպես եմ մկրատով կրտում, որովհետև միշտ ուզում եմ ավտոբուսի պատկերներ ստանալ, բայց չի լինում: Ամենամոտիկ ընկերս Կարենի տղա Հովոն է, Դավոն, Վազոն, Ռուբենչիկը: Իմ տարիքի տղաների հետ շատ եմ սիրում շփվել: Շատ եմ ուզում դպրոց գնալ իմ ընկերների հետ, նրանց հետ նստել ավտոբուս, բայց ամեն անգամ նրանք նստում են ավտոբուս, իսկ ես մնում եմ սայլակիս մեջ: Դե ո՞նց բարձրանամ ավտոբուս»,- պատմում է Ռաֆիկն ու խնդրում մայրիկին ու տատիկին` հյուրընկալված լրագրողների պատվին բակ իջեցնել իրեն:
Մինչ Ռաֆիկի տատիկն ու մայրիկը` Անժելա Փարսյանն ու Քրիստինե Հակոբյանը, տղային ուղեկցում են 9-րդ հարկի իրենց վերելակը, հիշում են բազմաթիվ դիմումներն ու խնդրանքները թաղապետերին ու քաղաքապետներին:
«Մեր Մասիվի բոլոր թաղապետերին դիմել եմ, ապա նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եմ դիմել, ասել է, որ բնակարանը դեռ չեն կարող բարելավել: 7 հոգով երկու սենյականոց բնակարանում ենք ապրում, ընդ որում տանը երկու հաշմանդամ կա: Ռաֆիկն էլ այժմ մեծացել, ծանրացել է, 9 հարկ մեծ դժվարությամբ ենք իջեցնում բակ: Վերելակից բողոք չունենք, բայց երբ ահա առաջին հարկն ամբողջությամբ պետք է սայլակը գրկած իջեցնենք, հետո մեջքի ցավ ենք ունենում երկար ժամանակ: Թեկուզ եթե լինի շարժական հարթակ, գոնե երեխային իջեցնելուց տեղադրենք, կիմանանք, որ մեր հաշմանդամն էլ լիովին անտեսված չէ»,- ասում է Անժելա Փարսյանը:
Պատահել է` աստիճաններն իջնելուց մայր ու տղա գլորվել են… Ձմեռվանից հետո առաջին անգամ բակ իջած Ռաֆիկի համար այսօր «հաջողված» օր է, սակայն տղան տարեցտարի հոգնում ու ձանձրանում է միայն բակ իջնելով:
«Այ որ կարողանայի ընկերներիս պես ավտոբուս նստել, կգնայի ման գալու ուրիշ տեղեր, հետո կարող է և շատ աղջիկներ տեսնեի, սիրահարվեի: Թեկուզ լիքը աղջիկ ընկերներ ունեմ, բայց դեռ ոչ մի աղջկա չեմ հավանում: Դեռ փոքր էլ եմ է սիրահարվելու համար, որ մի քիչ էլ մեծանամ, կարող է և սիրահարվեմ: 16 տարեկանում պետք է գնամ անձնագիր հանեմ, 16 տարեկանն էլ շուտ է սիրահարվելու համար, մի քիչ էլ դրանից կմեծանամ, հետո կսիրահարվեմ»,- պատմում է 14-ամյա տղան:
Իսկ տատիկը շարունակում է` նշելով, որ Ռաֆիկին տաքսիով են տեղափոխում, սակայն ոչ հաճախ. «Եթե տրանսպորտ չենք կարող բարձրացնել տղային, ինչպե՞ս կարող ենք տանել բարեկամների տուն: Եթե լինեն ավտոբուսներ, մեծ հաճույքով կտանենք երեխային բարեկամների, ընկերների տուն: Չէ՞ որ Ռաֆիկն էլ երեխա է, ամեն ինչ հասկանում է, ուզում է տեղ գնալ: Ամեն օր ասում է` հոգնել է միայն բակ իջնելուց: Մենք էլ չենք ուզում երեխային մեկուսացնել, ուզում ենք տանել-բերել, հետո ի՞նչ, որ չի քայլում, հետո ի՞նչ, որ մի քիչ գուցե լավ չի խոսում, բայց ուզում է դուրս գնալ, շփվել, ավտոբուս նստել, մարդկանց տեսնել»:
Ռաֆիկին թողնելով բակում ընկերների հետ` փորձում ենք երթուղայինը նստել ու գնալ պատմության մյուս հերոսի մոտ, սակայն Ռաֆիկի հայացքը միշտ հետ է պահում, հայացք, ապա հեռվից լսվող ցածր խոսքեր. «Դուք էլ ավտոբուս նստեցիք, ես էլի բակում մնացի»:
… 14-ամյա Արտակ Դավթյանը սովորում է 8-րդ դասարանում, ասում է` բախտը բերել է` դպրոցն իրենց տնից շատ հեռու չէ, հրաժարվել է սայլակից, քանի որ հնարավոր չէ քաղաքում տեղաշարժվել սայլակով, այժմ ավելի դժվարությամբ, փորձում է հարմարվել քայլակին: Արտակը դպրոցից հետո հաճախում է լողի դասերի, այստեղ ահա ինչպես ինքն է նշում` բախտը չի բերել:
Լողավազանը հեռու է. «Լողի տաքսիով եմ գալիս, քանի որ ավտոբուս չկա, ես լիքը մարդ գիտեմ, որ տաքսիի փող չեն կարողանում տալ, իմ հաշմանդամ ընկերներին դուրս չեն հանում տնից, իսկ եթե հանում են, ապա միայն բակ: Ես ընկեր ունեմ, որ եթե իրենք ընտանիքով տեղ են գնում, ընկերոջս մոտ մեկը պետք է մնա, որովհետև տաքսիով չեն կարող տանել հաշմանդամին»:
Արտակը դեռ չի որոշել, թե ինչ է դառնալու, աղջիկների մասին ևս չի մտածում, հիմա միայն ցանկանում է իրեն ավելի լիարժեք զգալ, թեև երբեք չի ամաչում, փողոցում անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրում է:
«Բայց քայլակով էլ ամեն անգամ չի լինում շարժվել: Քայլակով իմ մի քայլը ընկերներիս 5 քայլին է հավասար, դրա համար հենց հնարավորություն է լինում, սայլակով եմ դուրս գալիս: Իսկ ձմեռը քայլակս ու սայլակս խրվում են ձյան մեջ: Ձմեռը կյանքս մի տեսակ կանգնում է: Աստիճան իջնելուց էլ չեմ խոսում, բռնելու հարմարանք անգամ չկա»,- պատմում է 14-ամյա տղան ու հավելում, որ տեղյակ է` արտասահմանյան երկրներում հաշմանդամները հավասար են հասարակության մյուս անդամներին:
«Մեր երկրում եթե հաշմանդամ ես, ուրեմն` չգիտեմ ինչ ես: Եթե ես կարողանայի տրանսպորտ նստել, սայլակով դուրս կգայի տնից, քանի որ քայլակով դժվար է ինձ համար, բայց սայլակով էլ բորդյուր չեմ կարող բարձրանալ, հարթակներն այնպես թեք ու սխալ են կառուցված, որ անհնար է այդ թեքությունը հաղթահարել: Այսքան փոքր եմ, բայց այնպես եմ ուզում մեծերից մեկը սայլակ նստի, հետո ասեմ դե ավտոբուսով տեղ գնա, մի հատ էլ բորդյոր բարձրացիր»,- ասում է Արտակ Դավթյանը:
Նա հիշում է, որ մի քանի անգամ փորձել է ավտոբուս նստել, քանի որ միշտ երազել էր բոլոր մարդկանց հետ երթևեկել, ոչ թե միայնակ տաքսիով, սակայն ասում է` առաջին աստիճանից հետո քայլակն այլևս չի կարողացել հաղթահարել ավտոբուսի մյուս աստիճանները:
Բացի ավտոբուս նստելու իր մեծ ցանկությունից, Արտակը մեկ այլ պատճառով է հատկապես երազում օգտվել հասարակական կոչվող տրանսպորտից. «Ավտոբուսով որ գնամ, գամ չէ, մեր ընտանեկան բյուջեն բավականին կծաղկի»:
Հ.Գ. Ի պատասխան Aysor-ի այն հարցմանը, թե Երևան քաղաքում ինչպե՞ս է կարգավորվում հաշմանդամների` տրանսպորտից օգտվելու իրավունքը, քաղաքապետարանի Աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացրեց, որ սայլակով հաշմանդամներին տեղափոխելու համար ձեռք է բերվել հատուկ հարթակով հարմարեցված 2 տրոլեյբուս, ինչպես նաև բանակցություններ են վարվում ավտոբուս արտադրող գործարանի հետ, որպեսզի ներկրվելիք որոշ ավտոբուսներ նույնպես կահավորվեն հատուկ հարմարեցված հարթակներով։
Հարթակով տրոլեյբուս որքան էլ փնտրեցինք, չկար, իսկ եթե կա էլ, առնվազն այն տեղերում, որտեղով հաշմանդամները չեն երթևեկում: Սա այն դեպքում, երբ միայն Երևանում հենաշարժողական խնդիրներ ունեցող շուրջ 2500 հաշմանդամ կա: