Դատարանը վերացրեց վարույթը կասեցնելու մասին որոշումը
09/04/2011 15:07

Դատարանը վերացրեց վարույթը կասեցնելու մասին որոշումը

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գործով «քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց Արթուր Սաքունցի փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը դատի էր տվել Արթուր Սաքունցին` համարելով, որ 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթին տված հարցազրույցում Ա. Սաքունցի արած արտահայտությունը, թե «Կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում: Վառ օրինակ էին Լեռնապատի գյուղապետի կատարած մի շարք գործողությունների վերաբերյալ ահազանգերը` տեղական բյուջեի միջոցների վատնում, ինքն իրեն և իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում» վնաս է հասցնում իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին:

Համայնքապետը դատարանից պահանջում է `զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն դրամ, ինչպես նաև` փոխհատուցել դատական ծախսերը:

Իսկ 2011թ. փետրվարի 18-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով համայնքապետի հայցն ընդդեմ Սաքունցի, որոշում էր կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին:

Փաստաբանը ներկայացրեց, որ «Համայնքապետն ընդդեմ Ա. Սաքունցի» քաղաքացիական հայցը քննելիս` իրենք տեղեկացրել են դատարանին, որ համայնքապետ Վանո Եղիազարյանի նկատմամբ քեական գործ կա հարուցված: Վերջինն էլ հիմք ընդունելով քրեական գործը` կասեցրել է քաղաքացիական գործի քննությունը`մինչև քրեական գործով դատական ակտի քննումը:

«Մենք էլ բողոքեցինք վերաքնիչ դատարան, որտեղ էլ վերացվեց կասեցման որոշումը»,- պատմեց փաստաբանը` հավելելով, որ առաջիկայում գործը կրկին կքննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ Է. Մարուքյանի`գործը կասեցնելու որոշման տրամաբանությունն այն է, որ եթե քրեական գործով նախաքննությամբ պարզվեր, որ համայնքապետն անմեղ է ու գործը կարճվեր կամ դատաքննության փուլում հաստատվեր համայնքապետի անմեղությունը, ապա մեխանիկորեն կբավարարվեր Ա. Սաքունցի դեմ հայցը:

Նշենք, որ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել դեռևս 2010 թ. մարտի 7-ին` ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 314 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով, այն է` պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին և պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը (Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով`2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով):

Փասաբանն Aysor-ի հետ զրույցում նշեց նաև, որ հարցազրույցի ընթացքում Ա. Սաքունցի արած արտահայտությունը պետք է դիրտարկվեր ոչ միայն հաստատվող կամ հերքվող փաստերի շրջանակներում, այլև որպես քննադատություն`խոսքի ազատության տեսանկյունից:

«Այդպիսի դիտարկումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներից է, հատկապես, որ համայնքապետը տեղական ինքնակառավարման մարմնում առաջնային մանդատ կրող անձ է` ընտրված համայնքի կողմից, ու պետք է հանդուրժող լինի իրեն ուղղված քննադատությանը»,- եզրափակեց է.Մարուքյանը:
 

Դատարանը վերացրեց վարույթը կասեցնելու մասին որոշումը