Ա. Ղազարյան. Միջին և փոքր բիզնեսը պրոբլեմ ունի
13/04/2011 18:36

Ա. Ղազարյան. Միջին և փոքր բիզնեսը պրոբլեմ ունի

«Շատ ենք կարևորում հարկային վարչարարության բարեփոխման նոր էտապը: Մտցնում ենք գործառույթների նոր մշակույթ` ոչ միայն հաշվետվությունների տալը, այլև կարևորում եմ առևտրի ոլորտում հաշիվ ապրանքագրերի էլեկտրոնային գրանցումը, որն ուղղակի մի քանի աստիճան բարձրացնում է հսկողությունն ու թափանցիկությունը: Խնդիր ունենք սովորելու, խնդիր ունենք, որ գործարարները կարողանան օգտվել այս համակարգից, որովհետև, եթե խոշոր բիզնեսն արագ է սովորում, քանի որ ունի լուրջ մասնագետներ, հաշվապահություն, ինտեգրացված էլեկտրոնային համակարգ, ապա միջին և փոքր բիզնեսը պրոբլեմ ունի: Նրան պետք է և՛ սովորեցնել, և՛ աջակցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը:

Ըստ նրա, խնդիր կա նաև վարչարարության ոլորտում, որ համակարգի մեջ աշխատող չինովնիկներն իրենք պետք է սովորեն այս նոր կարգին, որը բարդացնում է նրանց գործը, բայց նաև բարձրացնում է արդյունավետությունը: Ա. Ղազարյանը շեշտեց, որ հարկային բարեփոխումներում բացասական ոչինչ չի տեսնում:

ՀԱԳՄ նախագահի համաձայն` եթե մաքսային վաչարարության ոլորտում էլ կարողանան գործառույթներն էեկտրոնային եղանակով իրականացնել, ապա տերմինալների աշխատանքը կարագանա, մաքսազերծման և բեռի ստացման ժամանակ վարչարարության մակարդակը մի քանի աստիճան ավելի բարձր կլինի:

«6 ամսում լուրջ արդյունքներ կլինեն»,- ասաց Ա. Ղազարյանը:
 

Ա. Ղազարյան. Միջին և փոքր բիզնեսը պրոբլեմ ունի