Շարմազանով. Թող քթերը չխոթեն հակամարտության լուծման մեջ
13/04/2011 17:55

Շարմազանով. Թող քթերը չխոթեն հակամարտության լուծման մեջ

«Թուրք նախարարը, Չավուշօղլուի օրինակով, արդեն որերորդ անգամ, եվրոպական կառույցում ունեցած դիրքը «խառնում է» Թուրքիայում ունեցած իր պաշտոնի հետ՝ մոռանալով, որ ղեկավար պաշտոն է զբաղեցնում ժողովրդավարության հիմնարար արժեքներ կրող միջազգային կառույցում, ինչը վերստին ապացուցում է, որ իրենք բավականին հեռու են եվրոպական արժեքներից»,- մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցված հայտարարությունը՝ Aysor-ի թղթակցին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, մասնավորապես հայտարարել է, թե «Հայաստանի սադրիչ գործողությունները չեն նպաստի ԼՂ խնդրի քաղաքական լուծմանը»:

«Եվ ընդհանրապես, Թուրքիան կամ այդ երկրի արտգործնախարարը չէ, որ պետք է խոսեն արցախյան հիմնախնդրի կարգավորումից ու քթերը խոթեն այդ պրոցեսի լուծման մեջ»,- շեշտեց պատգամավորը:

Ըստ բանախոսի, եթե նրանք իսկապես ցանկանում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համար օգտակար գործ կատարեն, ավելի լավ կանեն ընդհանրապես չառնչվեն այդ հարցին և այդ թեմայով որևէ հայտարարություն չհնչեցնեն:

«Եթե Պարոն Դավութօղլուն խոսում է սադրիչ գործողությունների մասին, ապա ես ևս մեկ անգամ կթարմացնեմ նրա հիշողությունը: Ի՞նչ է, նրանք մոռացե՞լ են այն սադրիչ գործողությունները, որ իրականացրեցին Հյուսիսային Կիպրոսում՝ օկուպացնելով Կիպրոսի տարածքի 38 %-ը: Մոռացե՞լ են արդյոք, թե ինչպես նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիները 1990-ականների սկզբին ԼՂ ժողովրդի արդարացի պայքարին հակադարձեցին ռազմական ագրեսիայով և օկուպացիայով»,- հավելեց Է. Շարմազանովը:

Շարմազանով. Թող քթերը չխոթեն հակամարտության լուծման մեջ