.jpg)
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Մոհամադ Հոսեյնիին
Ապրիլի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը մշակութային մի շարք հարցերի քննարկման նպատակով հանդիպեց ԻԻՀ Իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարար Մոհամադ Հոսեյնիի հետ:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձավ առաջիկա մի շարք մշակութային միջոցառումների, մասնավորապես 2012 թվականին ընդառաջ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն նվիրված համատեղ միջոցառումների շարքում Թեհրանի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսին Հայաստանի ակտիվ մասնակցությանը, ինչպես նաև այս տարի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Թեհրանում ՀՀ մշակույթի օրերի անկացմանը և դրանց շրջանակներում երկկողմ մշակութային համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:
Իր հերթին պրն Հոսեյնին նշեց, որ երկու երկրների միջև ձևավորված սերտ հարաբերությունները մեծ հնարավորություններ են ընձեռել երկու երկրների ժողովուրդների մշակութային առնչություների խորացման համար, որոնց ձևավորումն ունի հազարամյակների պատմություն` կարևորելով այս տարի հոկտեմբերին Երևանում ԻԻՀ մշակույթի օրերի անցկացումը:
Վերջինս շեշտեց, որ ԻԻՀ մշակույթի և Իսլամական կողմնորոշման նախարարությունը տարիների ընթացքում թե՛ Երևանում ԻԻՀ դեսպանության համապատասխան կենտրոնի և թե՛ Թեհրանում ՀՀ դեսպանության հնարավորությունների օգտագործմամբ կարողացել է բավականին լուրջ աշխատանք ծավալել մշակութային հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու համար: