.jpg)
Ս.Գրիգորյանն առաջարկում է կոալիցիայի ներսում փոխել շեշտադրումները
Այսօր հրավիրած ասուլիսում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանն ունի բազմաթիվ պրոբլեմներ և երկրի ներսում պետք է անցկացնել քաղաքական բարեփոխումներ:
«2 քայլ է պետք` իշխանություն-ընդդիմություն երկխոսություն, որը պետք է թափանցիկ լինի և բաց հասարակության համար, ինչի նախադրյալները տեսնում ենք այսօր: Ինձ համար մեծ չափորոշիչ է, որ թույլ է տրվել միտինգներն անցկացնել, ես սա համարում եմ լավ տենդենց, ինչը քաղաքականության մեջ դրական քայլ է, որը ցույց է տալիս` բարիդրացիական մոտեցում կա թե՛ իշխող դաշտում, թե՛ ընդդիմադիր: Երկրորդ քայլով իշխող կոալիցիայի ներսում շեշտադրումը պետք է փոխվի. ոչ դուք եք միամիտ, ոչ մենք, ոչ էլ քաղաքական գործիչները: Հայաստանում կոալիցիա կա, որը 10 տարուց ավել իշխանության գլուխ է ու չի կարողանալու ռեֆորմներ անցկացնել»,- ասաց Ս.Գրիգորյանը` հավելելով, որ ընդդիմություն ասելով ի նկատի ունի արտախորհրդարանական ընդդիմությանը և խորհրդարանում գործող «Ժառանգություն» կուսակցությանը, իսկ իշխող կոալիցիա ասելով` Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Որպես իր տեսակետի դասական օրինակ` նա խորհուրդ տվեց վերլուծել ՀՀ նախագահի վերջին 3 ամսվա ելույթները` չհիմնավորված գների աճի, սոցիալական անարդարության, բիզնեսի ոլորտի մասին և այլն, «որոնք հետաքրքիր են, առաջարկները` ճիշտ, և նույնիսկ ընդդիմությունը չի վիճարկում, բայց գրեթե չեն իրականացվում»:
Վերլուծական կենտրոնի ղեկավարի պատճառաբանությամբ` այն լոկոմոտիվը, քաղաքական ուժը, որը պետք է իրականացնի վերոնշյալը, չի կարող իրականացնել:
«Օրինակ, նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավական ակտիվ է առողջապահական, սպորտի, սոցիալական հարցերում, ուրեմն շեշտերը պետք է փոխել»,- բացատրեց Ս.Գրիգորյանը` խորհուրդ տալով երիտասարդական սերունդ բերել ասպարեզ:
Քաղաքագետի համոզմամբ` ներկայիս խորհրդարանով ու քաղաքական դաշտով Հայաստանը չի կարող դիմադրել նաև արտաքին մարտահրավերներին. «Հակառակ դեպքում կհանգենք նրան, որ առանց մեզ կսկեն լուծել մեր հարցերը, ինչպես եղել է 1920թ.-ին, երբ առանց Հայաստանի լուծեցին մեր հարցերը»: Նա առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որով բազմաթիվ խնդիրներ կլուծվեն: