.jpg)
ԳԱԱ-ն ամփոփում է գիտական տարին
Ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի 2010թ. գիտական գործունեության արդյունքները կամփոփի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը:
Բաժանմունքն իր կազմում ընդգրկում է Քիմիական ֆիզիկայի, Ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի, Երկրաբանական գիտությունների ինստիտուտները, ինչպես նաև Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ` քիմիական գիտությունների բնագավառում բաժանմունքի կարևորագույն արդյունքներից են արդյունաբերական թափոնային գազերից ծծմբային գազի օգտահանման նոր եղանակի գիտական հիմունքների մշակումը տարրական ծծմբի ստացման նպատակով, մշակվել են նոր տիպի հատուկ նշանակության կիսահաղորդչային ապակիներ և ապակեբյուրեղային նյութեր:
Երկրի մասին գիտությունների բնագավառում սիստեմատիկ հետազոտությունների արդյունքում «ՆորԱտոմ» միջազգային կոսորցիումի կազմում նոր հայկական ատոմակայանի ենթադրվող տարածքի համար իրականացվել են դաշտային և լաբորատոր աշխատանքներ` ակտիվ խզվածքավորման ներուժի գնահատման համար:
Բաժանմունքի կազմակերպություններն ընդգրկված են տարբեր դրամաշնորհային ծրագրերում, որոնց աջակցում են NATO-ն, ISTC-ն, SCOPES-ը, GEM-ը և այլ դոնոր կազմակերպություններ:
Բաժանմունքն աջակցել և մասնակցել է ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից կազմակերպված «Քիմիա, քիմիական տեխնոլոգիաներ» II միջազգային գիտաժողովին, որին մասնակցել են 200 գիտնականներ, այդ թվում` Ռուսաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Ուկրաինաից, Բելառուսից, Ուզբեկստանից, Իրանից:
Բաժանմունքը աջակցել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված «Ցածր ջերմաստիճանային քիմիա» 8-րդ միջազգային գիտաժողովին, որին մասնակցել են գիտնականներ Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Կանադայից, Լեհաստանից:
ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ունի 718 աշխատակից, այդ թվում` 5 ակադեմիկոս, 4 թղթակից անդամ, 48 գիտության դոկտոր և 214 գիտության թեկնածու: