.jpg)
ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 13-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նախապես հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ է եղել առաջադրված հարցերի քննարկմանը։
Նախ, որպես փոխկապակցված հարցեր, համաժամանակ քննության են առնվել «ԼՂՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նիստի ուշադրությանը ներկայացրեց ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը։
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ առաջին նախագիծը պարունակում է մի շարք բարեփոխումներ տվյալ օրենսդրական դաշտում։
Մասնավորապես, առաջարկվում է հողի սեփականաշնորհման հնարավորություն ընձեռել նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով սահմանված անձանց, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, երկկողմ ծնողազուրկ երեխաներին, ովքեր բնակվում են սեփականաշնորհում չիրականացրած համայնքներում։ Իսկ երկրորդ նախագծով առաջարկվում է գործող տվյալ օրենքի որոշակի դրույթներ համապատասխանեցնել առաջին օրինագծով նախատեսված փոփոխություններին։
Օրինագծերի վերաբերյալ դրական են եղել գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գագիկ Պետրոսյան) եզրակացությունները։ Տարակարծությունների տեղիք չտալով՝ օրենքներն ընդունվել են։
«ԼՂՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին օրակարգային հարցի կապակցությամբ նիստում հաղորդմամբ հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, նշելով, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարի հետ կապված իրավական հարաբերություններին։
Լսվել է նաև գլխադասային՝ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը։ Օրենքն ընդունվեց ձայների մեծամասնությամբ։
Ավարտելով օրինագծերի քննարկումները, նիստն այնուհետև լսել է և ի գիտություն ընդունել երկու տարեկան հաղորդումներ՝ ԼՂՀ վերահսկիչ պալատի 2010թ. գործունեության տարեկան հաշվետվությունը և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ու երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ տարեկան զեկույցը։
Համաձայն օրակարգի, նիստում տեղի է ունեցել օրենսդիրգործադիր ավանդական հարցուպատասխանի հերթական ընթացակարգը։ Ներկա են գտնվել կառավարության անդամները` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։
Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերվել են հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառների ու ոլորտների։