Հղիի նկատմամբ սեռական ոտնձգությունը` մայրանալու իրավունքի խախտում
13/04/2011 18:08

Հղիի նկատմամբ սեռական ոտնձգությունը` մայրանալու իրավունքի խախտում

Այսօր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հրավիրած ասուլիսում Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնի իրավաբան, ՀՀ ոստիկանության ակադեմիայի և դատախազության դպրոցի դասախոս Դավիթ Թումասյանը, փաստաբանական պալատի փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Նոնա Գալստյանը ներկայացրին օրենսդրական դաշտում իրենց նախաձեռնությամբ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 140,141 և 142 հոդվածներին:

Դավիթ Թումասյանը, նախքան փոփոխությունների մասին խոսելը, հիշեցրեց, որ նախագիծը ներկայացվել էր Ազգային ժողով, այնտեղ հավանության արժանացել պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից: Վերջինն էլ ԱԺ ամբիոնից այն ներկայացրել է քննարկման ու ընդգրկվել հաջորդ`մայիս ամսին տեղի ունենալիք քառօրյա նիստերի օրակարգում:

«Բավական շատ ծանրացնող հանգամանքներ մտցված չէին օրենսդրության մեջ, բայց, ելնելով միջազգային օրենսդրությունից, դրանք ավելացվեցին: Ծանրացնող հանգամանք նախատեսվեց ծնողի կամ դաստիարակչական գործունեություն իրականացնող անձանց կողմից սեռական ոտնձգություն կատարելու դեպքում: Որպես լրացուցիչ պատիժ` նախատեսվեց, որ եթե դա կատարվել է այնպիսի անձի կողմից, ով ունի նմանատիպ պաշտոն, պետք է զրկվի որոշակի պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից»,- փոփոխություններից ներկայացրեց իրավաբանը:

Նրա խոսքերով` որպես ծանրացնող հանգամանք` ավելացվեցին նաև հղի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելը և երկու կամ ավելի անձանց նկատմամբ հանցագործություն կատարելը:

«Եթե հղի կնոջ նկատմամբ է կատարվում ոտնձգությունը, ապա դա համարվում է նաև ոտնձգություն մայրանալու իրավունքի դեմ, որն ամրագրված է սահմանադրորեն: Այս դեպքում հղի կինը դիտվում է որպես ավելի թիրախային տարբերակ: Իսկ ինչ վերաբերում է ծնողի կողմից կատարվող սեռական ոտնձգություններին, պետք է հաշվի առնել, որ դրանք բավականին շատ են թաքցվում: Իսկ մենք նման դեպքերի մասին տեղեկանում ենք, հիմնականում, երբ անչափահաս երեխան հղիացել է ու դիմել բժշկական հաստատություն`օգնություն ստանալու: Բժիշկները տեղյակ են պահում իրավապահներին ու ողջ շղթան բացվում է»,- Aysor-ի թղթակցին մեկնաբանեց Դ. Թումասյանը:

Նա ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված վիճակագրական տվյալները, ըստ որի 2010 թ.-ի առաջին կեսին սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունների թիվը կազմել է 54, իսկ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածում` 30: Այսինքն` մեկ տարում աճը կազմել է 80 %: 2009 թ.-ին գրանցվել է 73 սեռական հանցագործություն, 2008 թ.-ին` 63, իսկ 2007 թ.-ին` 33:
 

Հղիի նկատմամբ սեռական ոտնձգությունը` մայրանալու իրավունքի խախտում