Պատժի խստությունը կորոշվի ըստ տուժող երեխայի տարիքի
13/04/2011 18:30

Պատժի խստությունը կորոշվի ըստ տուժող երեխայի տարիքի

«Նախագիծը մշակելիս` առանձնահատկություն նախատեսեցինք, որ երեխաների տարիքից ելնելով` պետք է խտրականություն դրսևորել`մինչև 12 տարեկան, 12-14 տարեկան և 14-ից բարձր տարիքի երեխաների համար: Եթե երեխան մինչև 12 տարեկան է, նրա նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունն ավելի խիստ պիտի պատժվի, քան եթե նա 17 տարեկան է»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնի իրավաբան, ՀՀ ոստիկանության ակադեմիայի և դատախազության դպրոցի դասախոս Դավիթ Թումասյանը:

Նրա խոսքերով` ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխում փոփոխություններ կատարելիս` առաջնորդվել են միջազգային օրենսդրություններ հաշվի առնելով, իսկ նման խտրականություն կիրառում են նաև ԱՊՀ որոշ երկրներում:

«Ելնելով ֆիզիոլոգիական ու մյուս առանձնահատկություններից` տարիքային բաշխումը նպատակահարմար է: Մենք չենք խախտում որևէ երեխայի իրավունք: Բոլոր անչափահաս երեխաների իրավունքները պաշտպանված են, բայց երեխա հասկացության մեջ երեխայի տարբերակումը վերցնում ենք. ինչքան փոքր է, այդքան ավելի ուժեղ պաշտպանության տակ է, քանի որ մեր «Ընտանեկան օրենսգիրքը» թույլ է տալիս 17 տարեկան աղջիկներին ամուսնանալ: Եթե 17 տարին համարվում է ամուսնական տարիք, ապա ազատ ընտրության, ազատ ապրելու հնարավորությունը չէինք կարող անտեսել»,- պարզաբանեց դասախոսը:

Ըստ Դ. Թումասյանի, քանի որ մինչև չափահաս դառնալը սովորաբար երեխաների մեծ մասը չեն գիտակցում իրենց հետ կատարվածի լրջությունը, և սեռական ոտնձգությունն ընկալում են որպես խաղ կամ այլ իրավիճակ, իրենք կատարել են նաև վաղեմության ժամկետների վերաբերյալ փոփոխություններ:

«Հիմնվելով ԵԽ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունների դեմ պայքարի կոնվենցիայի» դրույթներից` երեխաներին պաշտպանելու առումով նախատեսեցինք, որ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելիս վաղեմության ժամկետները պետք է ընթանան ոչ թե հանցագործությունը կատարելու պահից, այլ տուժողի 18 տարեկանը լրանալուց հետո, երբ երեխան փաստացի ի վիճակի է գիտակցելու իր հետ կատարվածն ու ներկայացնելու համապատասխան տեղեկություններն իրավապահ մարմիններն»,- վերլուծեց իրավաբանը` հավելելով, որ, իհարկե, այդ դեպքում դժվար կլինի ապացուցել տարիներ առաջ տեղի ունեցածը, բայց գոնե իավական բազան պետք է ստեղծված լինի, որ տուժողը կարողանա բողոք ներկայացնել:

Aysor-ին մեկնաբանելով` Դավիթ Թումասյանն ասաց, որ ֆիզիկական վնասը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ենթակա է փոխհատուցման, «բոլոր բուժման ծախսերը, եթե վնասը պատճառվել է հանցագործությամբ, փոխհատուցվում են, ինչպես նաև` տուժող կողմը պետական տուրք չի մուծում»:

Իսկ այն հարցին, թե լինում են դեպքեր, երբ բռնի սեռական ակտի արդյունքում տուժողին չի պատճառվում ֆիզիկական վնաս կամ այդ վնասը տեսանելի չէ, այդ դեպքում փոխհատուցում լինու՞մ է, իրավաբանը պատասխանեց, որ բարոյական վնասի փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, քանի որ այդ ինստիտուտը ՀՀ-ում չի գործում:
 

Պատժի խստությունը կորոշվի ըստ տուժող երեխայի տարիքի