28/04/2011 11:41
Սևանը` քաղաքացիներին. Կառավարությունը որոշեց
Այսօր նիստում ՀՀ կառավարությունը որոշեց Գեղարքունիքի մարզի Սևան ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում, 1905 մետր բացարձակ նիշից ցածր ընկած հատվածում 0,69 հեկտար և 1,47 հեկտար հողամաս տրամադրել հանրային լողափերի կազմակերպման համար: Այդ նպատակով կհատկացվի 66 մլն դրամ:
«Այս որոշումը ՀՀ նախագահի հանձնարարականն է, որ քաղաքացիները կարողանան Սևանում հանգստանալ և անվճար օգտվել լողափերից: Այսօր գումար ենք հատկացնում, որ լողափերը կարգի բերվեն»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գործադիրը որոշեց նաև հիմնադրել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ, որի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Կարեն Լևիկի Հակոբյանը: Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին կհատկացվի 1մլն դրամ` որպես գույքային ներդրում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքով, հիմնադրամի նպատակն է աջակցել Սևանա լճի` որպես ՀՀ քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանի վերականգնմանը, վերարտադրությանը, պահպանմանը, բնականոն զարգացմանը և օգտագործմանը, ջրի մաքրության ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերմանը: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնելու: