Աժուբալիս. Լրագրողների հանդեպ սպառնալիքները չի կարելի հանդուրժել
03/05/2011 11:03

Աժուբալիս. Լրագրողների հանդեպ սպառնալիքները չի կարելի հանդուրժել

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեի իր խոսքում, կոչ արեց ԵԱՀԿ մասնակից պետություններին ավելին անել լրագրողներին պաշտպանելու համար:

«Թվային լրատվամիջոցները 21-րդ դարում աննախադեպ հնարավորություններ են տրամադրել խոսքի ազատության և տեղեկատվության մատչելիության համար, սակայն մամուլի իրական ազատությունը շարունակում է խոչընդոտվել լրագրողների դեմ բռնության սպառնալիքների պատճառով: ԵԱՀԿ տարածաշրջանի լրագրողներին շարունակում են սպառնալ, հալածել, ֆիզիկական հարձակումների ենթարկել և նույնիսկ սպանել պարզապես իրենց օրինական կարևոր աշխատանքը կատարելու համար», - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխանցմամբ` ասել է Աժուբալիսը:

«Մենք չենք կարող հանդուրժել լրագրողների անվտանգության դեմ այդ սպառնալիքները, ոչ էլ այն սահմանափակումները, որոնց կարող են հանգեցնել նման սպառնալիքները: ԵԱՀԿ մասնակից պետությունները պետք է ավելին անեն, որպեսզի կատարեն լրատվամիջոցների ազատության ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները և ապահովեն արդյունավետ օրենսդրության, կիրարկման գործընթացի և դատական գործիքների առկայությունը` լրագրողների անվտանգությունը երաշխավորելու համար», - նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Լիտվայի ԵԱՀԿ նախագահությունը և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը հունիսի 7-ին և 8-ին Վիլնյուսում կազմակերպում են համաժողով ԵԱՀԿ տարածաշրջանում լրագրողների անվտանգության հարցերի վերաբերյալ:
 

Աժուբալիս. Լրագրողների հանդեպ սպառնալիքները չի կարելի հանդուրժել