.jpg)
Փոխվարչապետն ընդունեց դեսպան Ռաուլ Լուցենբերգերին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Ա.Գևորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Եվրոպական միության մշտական պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ Լուցենբերգերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` կողմերը քննարկեցին Հայատանում մարդահամարի անցկացման աշխատանքներին Եվրամիության աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը ներկայացրեց մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները, տեղեկատվություն ներկայացրեց կատարված աշխատանքների, մասնավորապես` 2010 թ.-ի հոկտեմբերին անցկացված փորձնական մարդահամարի վերաբերյալ: Նշվեց նաև մարդահամարի համար անհրաժեշտ ֆինանսական ծավալների, ինչպես նաև այն ֆինանսական միջոցների մասին, որոնք ՀՀ կառավարությունն ակնկալում է ներգրավել դոնոր կազմակերպությունների, մասնավորապես` ԵՄ կառույցների և ԵՄ անդամ պետությունների միջոցով:
Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ մարդահամարի կազմակերպման համար պետբյուջեից հատկացումները կկազմեն ընդհանուր գումարի 25 տոկոսը` նախորդ մարդահամարի 21 տոկոսի փոխարեն: Ֆինանսական այլ միջոցների ներգրավման համար ՀՀ կառավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային և դոնոր կազմակերպությունների հետ:
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը, կարևորելով մարդահամարի անցկացումը և պատրաստակամություն հայտնեց աջակցել գործընթացին, ներկայացրեց Եվրամիության աջակցության հնարավոր տարբերակները:
Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնելով մոտեցման համար` նշեց, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում կքննարկի հայկական կողմի համար համագործակցության առավել արդյունավետ տարբերակը` աշխատանքները ԵՄ-ի հետ շուտափույթ սկսելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածքային զարգացման բնագավառում ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ԵՄ-ի հետ այս բնագավառում իրականացվող ծրագրերը հայկական կողմից համակարգելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանը: Միևնույն ժամանակ Ա. Գևորգյանը կարևորեց ԵՄ-ի հետ համագործակցությունը` կարծիք հայտնելով, որ տարածքների համաչափ զարգացման բնագավառում ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է քննարկել համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը և համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Եվրոպական ռեգիոնների ասամբլեային Հայաստանի Հանրապետության, մասնավորապես` Տավուշի և Լոռու մարզերի անդամակցությանը: Կողմերը կարևորեցին տարածքային իշխանությունների ուղիղ համագործակցության հնարավորությունը` նշելով, որ նման գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: