Բ. Ենգիբարյան. 1-2 ամսից կհայտարարվի համակարգիչների վաճառքի մասին
03/05/2011 18:33

Բ. Ենգիբարյան. 1-2 ամսից կհայտարարվի համակարգիչների վաճառքի մասին

Համաշխարհային բանկը հաստատել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի գործակցության ուղեցույցը, ներկայում ընթացքի մեջ է խանութների հաստատման փուլը: Ինչպես Aysor-ին հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, վաղը ՁԻՀ-ի և «Օրանժ Արմենիա» ընկերության միջև հուշագիր կստորագրվի` ծրագրի շրջանակներում համագործակցություն ծավալելու նպատակով:

«Պաշտոնապես նամակներ են ուղարկվել բոլոր արտադրողներին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին, որովհետև հիմնական նպատակն այն է, որ լինի ավելի քան մեկ արտադրողից համակարգիչ: Ներկայում մասնակցությունը հաստատել են HP, DELL և ASUS ընկերությունները: Դրան զուգահեռ հետազոտություն է իրականացվել, որով ամբողջ համակարգիչները կբաժանվեն 3 հիմնական խմբի և ամեն խմբում կլինի առնվազն 2 համակարգիչ` ըստ պարամետրերի, տարիքային խմբերի, բովանդակության: Ինտերնետ մատակարարաներից ոմանք հանդես են եկել նախաձեռնությամբ, որ ծրագրին կտրամադրեն ինտերնետ, որոշ ամիսների ընթացքում փորձնական նաև անվճար կլինի»,- հայտնեց Բ. Ենգիբարյանը` հավելելով, որ ներկայում խնդիրն այն է, որ եթե ինտերնետ մատակարարաները Երևանում են գործում ու մարզերում ներկայացված չեն, ինչպե՞ս պետք է կոորդինացվեն աշխատանքները: Բ. Ենգիբարյանի խոսքերով` հավանաբար, մատակարարի ընտրությունը կթողնվի գնորդին և դա փաթեթի մեջ չի ներառվի:

Բ. Ենգիբարյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ կմշակվի բովանդակություն, որը կներառվի փաթեթի մեջ և համակարգիչ գնելուց համակարգչի մեջ կտրամադրվեն որոշակի ծրագրեր: «Մայքրոսոֆթ» ընկերության հետ բանակցությունները մոտակա ժամանակներում կավարտվեն ու կստորագրվի հուշագիր, որ հատուկ պայմաններ կսահմանվեն ընկերության ծրագրերի համար, որոնք կներգրավվեն «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մեջ:

Բ. Ենգիբարյանի խոսքերով` երկու բաղադրիչներով աշխատանք է տարվում` ուսուցիչների և աշակերտների համար համակարգիչ: Հայաստանում հունիսին «Ինտել» ընկերության հետ համատեղ կկազմակերպվեն առաջին ուսուցիչների դասընթացներ, կվերապատրաստվեն 20 ուսուցիչներ, որոնք հետագայում կամաց-կամաց կվերապատրաստեն ողջ Հայաստանի ուսուցիչներին`թե ինչպես օգտագործել համակարգչային դասարանները, ինչպիսի էլեկտրոնային բովանդակություն պատրաստել:

Կառավարության և Կենտրոնական բանկի միջև շուտով կստորագրվի համաձայնագիր, որով, բացի ՀԲ-ի 3 մլն դոլարից, ծրագրին կհատկացվի 1 մլրդ դրամի չափով գումար, ընդ որում` կառավարության և ՀԲ ֆինանսական միջոցները կխառնվեն իրար: Գումարներն առևտրային բանկերին կտրամադրվեն ԿԲ միջոցով: Աշխատանքներ են տարվում, որպեսզի ծրագրի պիլոտային փուլի ժամանակ կիրառվող 16 % տոկոսադրույքը նվազեցվի մինչև 14 %: Տոկոսադրույքները ներառվելու են համակարգչի գնի մեջ, որն ամեն դեպքում 10-20 % ավելի էժան կլինի, քան խանութներում եղած համակարգիչները: Ստեղծվելու է հայ-գերմանական շրջանառու հիմնադրամ, որը ՁԻՀ-ի հետ համատեղ կսպասարկի վարկերը: Այդ հիմնադրամի շնորհիվ ծրագրի ավարտից հետո` 4 տարի անց, այն կշարունակի իր գործունեությունը:

«1-2 ամսից, որ բոլոր բանկերը, արտադրողները ունենանք, PR կամպանիա կսկսենք և արդեն մասսայական կհայտարարենք համակարգիչների վաճառքի մասին»,- ասաց Բ. Ենգիբարյանը:
 

Բ. Ենգիբարյան. 1-2 ամսից կհայտարարվի համակարգիչների վաճառքի մասին