Դ. Հարությունյան. Պետք է փոխել կուսակցությունների մասին օրենքը
03/05/2011 20:25

Դ. Հարությունյան. Պետք է փոխել կուսակցությունների մասին օրենքը

«Այն դեպքերում, երբ մենք խոսում ենք առանձին անհատի ընտրության մասին, քվոտայի մասին խոսելը, ներեցեք, համարում եմ ծայրահեղ արհեստական միջոց, և այդ միջոցը որևէ լուծում չի ունենա: Երբ խոսում ենք ընտրացուցակի մասին, քվոտավորման մասին խոսել հնարավոր է»,- այս մասին այսօր «ՀՀ ընտրական օրենսգիրքը` որպես օրենսդիր իշխանությունում և տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային հավասարակշռության հասնելու գործիք» թեմայով հրավիրած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ քննարկումը կազմակեպել էին 12 կին հասարակական գործիչներ`պահանջելով քվոտայի միջոցով ապահովել կանանց ավելի քան 20 տոկոս ներկայությունն ԱԺ-ում: Նրանք բողոքում են, հիմնականում, ԸՕ նախագծի 108-րդ հոդվածից, որում նշվում է, թե «ԱԺ համամասնական ընտրակարգով կուսկացության ընտրական ցուցակի առաջին տասնյակում պետք է ընդգրկված լինի առնվազն մեկ կին, իսկ ցուցակի 11-րդ համարից սկսած`ցանկացած ամբողջ թվով հնգյակում (11-15, 11-20, 11-25 և մինչև ցուցակի ավարտը), առնվազն 20 տոկոսը պետք է լինեն կանայք»:

Այս կապակցությամբ Դ. Հարությունյանը ներկաներին մեկնաբանեց. «Ենթադրենք մտցրեցինք քվոտավորում: Եթե ԱԺ ընտրությունը մեծամասնական է, ինչպե՞ս եք պատկերացնում: Կուսակցություններում, որպես կանոն, առաջին հնգյակը լինում է կուսակցության ղեկավար կազմը, որը երբեք ցուցակով չի ընտրվում ու, որպես կանոն, առաջին 5 հոգով փակվում է ցուցակը: Դրա համար է այստեղ քվոտավորում մտցնելը սխալ»,- ասաց հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ պետք չէ արհեստական նորմեր ստեղծել, քանի որ դա խնդրի իրական լուծում չէ:

Նրա համոզմամբ` որպես խնդրի լուծման տարբերակ, «պետք է փոխել կուսակցությունների մասին օրենքը. այնտեղ է, որ մենք պետք է դնենք այն հիմքը, որը կբերի քաղաքական պրոցեսներին կանանց մասնակցության բարձր տոկոսի»:

«Համաձայն եմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և տեղամասային ընտրատարածքային հանձնաժողովում մոտեցումները պետք է լինեն նույնը. կարող ենք ամրագրել նույն քվոտան, սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովում, ես համարում եմ, անհնար է որևէ քվոտայի ամրագրումը` անդրադառնալով նույն խնդրին, որ ԱԺ յուրաքանչյուր խմբակցություն ներկայացնում է 1 հոգու: Թող կուսակցությունն ինքը որոշի`օրինակ` Խաչիկ գյուղում կնոջ առաջադրի՞, թե` տղամարդու»,- պարզաբանեց Դ. Հարությունյանը:
 

Դ. Հարությունյան. Պետք է փոխել կուսակցությունների մասին օրենքը